Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում. Անդրանիկ Թևանյան

Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։

Հարցը կա՛մ-կա՛մ-ով է դրված, և՛-ի, և՛-ի մասին խոսողները բլեֆ են անում, կամ էլ անգրագետ են։

Օրվա իշխանությունը կեղծ երկընտրանք է առաջ քաշել՝ ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրություն չկա, դա գիտեն թե՛ ԵՄ-ում, թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ Հայաստանում։ Քաղաքացի Նիկոլ Փ.-ն շատ լավ գիտի, որ ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում։

Հայաստանում Եվրամիության անդամակցության գործընթացի մասին օրենսդրությունն ընդունվել է լրիվ այլ նպատակներով, այդ նպատակների մեջ անդամակցությունը չի մտնում, այդ օրենքը մեծագույն խաբեություններից է։

Նիկոլ Փ.-ն հայտարարում է, որ իրենք ԵԱՏՄ-ում կմնան այնքան, որքան հնարավոր է ձգել և տնտեսական օգուտներ ստանալ, բայց մեր գործընկեր երկրներն արդեն ընտրության առաջ են կանգնեցնում մեզ։

Նրանց փաստարկները և ցանկությունները շատ հստակ են ու տրամաբանական։ Ասում են՝ եթե որոշել եք ԵՄ անդամ դառնալ, ապա որոշումը ձերն է, բայց դա չպետք է լինի ԵԱՏՄ-ի հաշվին։

Օրերս նաև համապատասխան վերլուծություն է ներկայացվել, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե դադարեցվի կամ սառեցվի մեր երկրի անդամությունը ԵԱՏՄ-ում։

Ըստ այդմ՝ Նիկոլ Փ.-ին առաջարկում են կողմնորոշվել, բայց նա չի ուզում ու նաև չի կարող հստակ դիրքորոշում հայտնել, քանզի Հայաստանը դրել է աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին և դարձրել հակադրությունը սպասարկող մանրադրամ։ Նա դրսի տարբեր կենտրոններին միմյանց հակասող խոստումներ է տվել և աշխարհաքաղաքական ճողվածք ստացել։

Օրվա իշխանությունը ձգտում է երկու աթոռի վրա նստել, բայց դա անհնար է, հատկապես երբ այդ աթոռների ոտքերը երերուն են։

Ե՛վ, և՛-ի քաղաքականությունը հնարավոր չէ. ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի կառույցներ են, ինչպես որ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն, հետևաբար «երկու մոր կաթ ուտելու» տարբերակը տվյալ դեպքում չի ստացվելու։

ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն քույր կառույցներ են, նույնը կարելի է ասել ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասին, այնպես որ և՛, և՛-ը աբսուրդ է։

Քաղաքացի Նիկոլ Փ.-ն Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումն իրականացնում է Ռուսաստանի և Իրանի հետ թշնամության կամ առնվազն լարվածության առաջացման միջոցով։ Դրանց գինը դարձան Արցախի կորուստը, հազարավոր զոհերը, Հայաստանի անվտանգային համակարգի թուլացումը և մեր պետականության կորստի հավանականության մեծացումը։

Հայ-ռուսական հարաբերությունները մեր երկրների համար ունեն կարևորագույն նշանակություն և առնչվում են անվտանգությանը, տնտեսությանը, սոցիալական ոլորտին, մշակույթին և այլն։ Այս հարցերում պետք է հստակ դիրքորոշում լինի, լղոզվածությունն անթույլատրելի է։

«Մայր Հայաստան» կուսակցության մոտեցումները հետևյալն են.

  1. Ռուսաստանը պետք է ունենա ռազմավարական դաշնակցի կարգավիճակ,
  2. Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ում,
  3. Հայաստանը պետք է լիարժեքորեն վերականգնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում,
  4. Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան պետք է շարունակի իր գործունեությունը,
  5. Մեծամորի ատոմակայանի արդիականացումը և նոր ատոմակայանի շինարարությունը պետք է իրականացնել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցաբար,
  6. Հայաստանի երկաթուղին պետք է զարգացնել ռուսական մեր գործընկերների հետ,
  7. Հայ-ադրբեջանական հարաբերություններում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները պետք է իրականացնել ԽՍՀՄ գլխավոր շտաբում առկա քարտեզները հիմք ընդունելով:

Ռուսաստանն այս հարցում կարող է լինել միջնորդ-երաշխավոր։

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացմանը զուգահեռ պետք է զարգացնել Արևմուտքի հետ հարաբերությունները. ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները չեն նշանակում հակադրություն ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ։ Վերջիններս մեր բարեկամ և գործընկեր երկրներ են։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փ.-ին, ապա նա այնքան է խճճվել աշխարհաքաղաքական խաղերի, արկածախնդրությունների ու ստերի մեջ, որ հիմա մնացել է շանտաժի հույսին։ Իր դրսի հովանավորներին ասում է, որ եթե իրեն չսատարեն, ապա կհեռանա։

«Սպառնում է» արտահերթ ընտրություններով, բայց դե նրան վաղուց դուրս են գրել, և շանտաժի տրվող չկա։

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ, 26.10.2026թ.

Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment