Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար անհրաժեշտ տարածքները գերակա շահ են ճանաչվելու։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը` ընդգծելով, որ գերակա շահ ճանաչելու համար լսումներն անցկացվել են հաջողությամբ։
«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի կայարանի կառուցման համար»,- ասաց նա։
Ավինյանի խոսքով` տարածքները գերակա շահ ճանաչելու որոշումը կընդունվի մեկ ամսվա ընթացքում։
«Մենք հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը։ Սա պետք է իրականացնի հայկական ընկերություն»,- շեշտեց նա։
Ավինյանի խոսքով` հայկական ընկերությունն ունենալու է հայ մասնագետներ, որոնք խորանալու են այդ պրոցեսների մեջ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի սկզբին Հայաստանի կառավարությունը 1,1 մլրդ դրամ է հատկացրել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար։ Այս կայարանը դեռևս խորհրդային տարիներին մասամբ կառուցվել է. մետրոյի «Բարեկամություն» կայարանից թունել է կառուցվել դեպի Հրազդանի կիրճ։ Կայարանի շուրջ կառուցվել են նաև քաղաքացիական պաշտպանության օբյեկտներ, որոնք նույնպես պետք է ավարտին հասցվեն։
Դեռ 2023 թվականին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ «Աջափնյակ» կայարանի նախագիծը լիովին պատրաստ է։ Նա վստահեցնում էր, որ կառուցումը կտևի չորս տարի և մոտ 20%-ով կավելացնի մետրոյով ուղևորափոխադրումները։
2026 թվականի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ ծրագրերում կա առնվազն 4 նոր մետրոյի կայարան կառուցելու տեսլական։ Նա հայտնեց, թե մետրոյի ճյուղը «Աջափնյակ» կայարանով պետք է գնա դեպի Ակադեմիական քաղաք, միանա «Չարբախ» կայարանին, և արդյունքում ունենանք շրջանաձև երթևեկության հնարավորություն։
Հավելենք` նախատեսվում է կայարանը կառուցել ձորին մոտ՝ Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտ։