ԱՄՆ-ն սկսել է ռուսական դիզելային վառելիք գնել, ինչը Կիևում ծայրահեղ ցավագին են ընդունել։ The New York Times թերթը գրում է, որ այդ քայլը «լուրջ բարոյական հարված» է դարձել Ուկրաինայի համար։
Պարբերականի գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփը «հատել է սահմանը»։ ԱՄՆ նախագահը համաձայնել է Ռուսաստանից վառելիք ներմուծել և կասեցրել պատժամիջոցների մի մասը։ Հիմնական նպատակը միջանկյալ ընտրություններից առաջ վառելիքի գների նվազեցումն է։
Ուկրաինան, որը գրեթե հինգ տարի ապրում է Վաշինգտոնի հետ հարաբերությունների կտրուկ տատանումների պայմաններում, այժմ «իրեն դավաճանված է զգում»։
Ավելի վաղ Թրամփը կոշտ արտահայտություններ էր արել նաև Կիևին ցուցաբերվող օգնության վերաբերյալ։
«Մենք շատ բան ենք տվել Ուկրաինային։ Դրա դիմաց բացարձակապես ոչինչ չենք ստացել՝ բացի վշտից, մահերից և հսկայական ֆինանսական կորուստներից», – հայտարարել էր նա։
Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահը հայտնել էր Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Նրա խոսքով՝ բանակցությունները «շատ հաջող են անցել»։ Խոսքը ռուսական դիզելային վառելիքը համաշխարհային շուկաներ դուրս բերելու մասին էր։
Գործարքի իրականացման համար ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է ռուսական վառելիքի հետ կապված գործառնությունները մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը։ Ընդհանուր լիցենզիան ներառում է վառելիքի վաճառքը, փոխադրումը, բեռնաթափումը և ներմուծումը, այդ թվում՝ անմիջապես Միացյալ Նահանգներ մատակարարումները։
Հոկտեմբերի 16-ին Թրամփը նաև հրաժարվել է կիրառել «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքով նախատեսված սահմանափակումների մի մասը։ Դրանց թվում էին ռուսական ապրանքների նկատմամբ լրացուցիչ՝ 500% մաքսատուրքերը։
Մոսկվան ավանդաբար արևմտյան պատժամիջոցներն անվանում է ոչ լեգիտիմ։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի տնտեսությունը հարմարվել է սահմանափակումներին և դրանց նկատմամբ «որոշակի իմունիտետ» է ձեռք բերել։
Իր հերթին՝ Ռուսաստանի կառավարությունը մասամբ թույլատրել է դիզելային վառելիքի արտահանումը։ Առաջին փուլում համաշխարհային շուկա արտահանելու թույլտվություն է տրվել 500 հազար տոննայի համար։ Կառավարությունում վստահեցրել են, որ արտադրության ծավալները բավարար են ինչպես ներքին պահանջարկը բավարարելու, այնպես էլ համաձայնեցված արտաքին մատակարարումներն ապահովելու համար։ Ալեքսանդր Նովակը շեշտել է, որ վառելիքով նախևառաջ կապահովվի ռուսական շուկան։
Հոկտեմբերի 21-ին Պուտինը հայտարարել է առաջին լցանավերի ուղարկման նախապատրաստման մասին։
«Առաջին լցանավերը կմեկնեն 2-3 օրից», – ասել է պետության ղեկավարը։ Նույն օրը Նովակը հստակեցրել է, որ առաջին նավը ԱՄՆ կմեկնի հոկտեմբերի 22-ին։
Հոկտեմբերի 23-ին Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսական դիզելային վառելիքի մատակարարումներն արդեն իրականացվում են և կշարունակվեն։