Որքան էլ դժվար է այս փաստն ընդունելը, սակայն ծերացումն անխուսափելի է, և վաղ թե ուշ այն թակելու է բոլորիս դուռը։ Բայց այս միտքն ամենևին էլ հուսահատվելու առիթ չէ, քանի որ գնալով ավելանում են այն գիտելիքները, որոնք թույլ են տալիս առնվազն դանդաղեցնել ծերացման գործընթացը։ Այսօր արդեն չեն զարմացնում այն դեպքերը, երբ մարդու կենսաբանական տարիքը, այսինքն ֆիզիոլոգիական վիճակը զգալիորեն տարբերվում է նրա իրական՝ ծննդյան պահից հաշվարկվող տարիքից։
Արյան մեջ առկա որոշ կենսամարկերներ, որոնք հայտնի են որպես էպիգենետիկ ժամացույցներ, թույլ են տալիս գնահատել մարդու կենսաբանական տարիքը՝ ուսումնասիրելով ԴՆԹ-ին միացած մեթիլային խմբերը։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ԴՆԹ-ի այս էպիգենետիկ նշանները փոփոխվում են մարդու կյանքի ընթացքում։
Այժմ արյան այս կենսամարկերներն ուսումնասիրող նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սննդակարգի, կենսակերպի և դեղորայքային որոշ միջամտություններ կարող են փոփոխել ԴՆԹ-ի մեթիլացման պատկերը՝ որոշակի պատկերացում տալով այն մասին, թե որքան արագ է ծերանում մարդը։
Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ միջերկրածովյան սննդակարգը, ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը, շաքարային դիաբետի և քաշի վերահսկման համար կիրառվող որոշ դեղամիջոցները, ինչպես նաև հակաբորբոքային որոշ դեղերը կարող են կապված լինել ծերացման գործընթացի դանդաղեցման հետ։
Դեղորայքային բուժումն ու կենսակերպի փոփոխություններն առավել մեծ ազդեցություն ունեն երկարակեցության վրա
Հետազոտողները համադրել են ծերացման գործընթացը դանդաղեցնելուն ուղղված 51 միջամտական հետազոտությունների տվյալները՝ ուսումնասիրելով ծերացման հետ կապված ԴՆԹ-ի մեթիլացման ավելի քան 110 կենսամարկեր։
Այնուհետև գնահատել են տարբեր միջամտությունների՝ սննդակարգի, ֆիզիկական վարժությունների, որոշ դեղամիջոցների և առանց դեղատոմսի վաճառվող սննդային հավելումների ազդեցությունն այդ կենսամարկերների վրա։
Կենսամարկերների չափումների համաձայն՝ երկու կենսակերպային միջամտություն արդյունավետ է եղել էպիգենետիկ ծերացման ցուցանիշների նվազեցման հարցում։
Դրանք են՝
- Առողջ սննդակարգի պահպանումը, օրինակ՝ միջերկրածովյան, ցածր ածխաջրային կամ ցածր յուղայնությամբ սննդակարգը։
- ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը։
Ավելի մեծ ազդեցություն է նկատվել որոշ դեղամիջոցների կիրառման դեպքում։
Մետֆորմինը, որը 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման առաջին ընտրության դեղամիջոցներից է, սեմագլուտիդը, որն օգտագործվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և քաշի վերահսկման համար, ինչպես նաև հակաուռուցքային նեկրոզի գործոնի թերապիաները, որոնք կիրառվում են բորբոքային գործընթացները վերահսկելու համար, էականորեն նվազեցրել են ծերացման ցուցանիշները էպիգենետիկ բոլոր 16 ժամացույցներով։
Լոնդոնի Վերականգնողական բժշկության ինստիտուտի երկարակեցության գլխավոր մասնագետ և գենետիկ ինժեներ Շեբնամ Ունլյուիշլերի խոսքով՝ դեղորայքային միջամտություններն ունեցել են միջինում ամենամեծ ազդեցությունը, մինչդեռ կենսակերպի և սննդակարգի փոփոխություններն ավելի հետևողական արդյունքներ են տվել տարբեր կենսամարկերների վրա։
Սննդային հավելումների դեպքում հակատարիքային ազդեցության վերաբերյալ ապացույցները սակավ են եղել։
Մասնագետի խոսքով՝ ավելի խելամիտ է նախ կենտրոնանալ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության, քնի և կանխարգելիչ բժշկական օգնության վրա, իսկ անհրաժեշտության դեպքում սննդային հավելումների օգտագործումը քննարկել բժշկի հետ։
Դեղամիջոցներն ավելի մեծ ազդեցություն ունեն արդեն առկա հիվանդություններ ունեցող մարդկանց վրա
Շեբնամ Ունլյուիշլերը զգուշացրել է, որ այս տեսակի դեղամիջոցները չպետք է ընդունել ծերացումը դանդաղեցնելու նպատակով։
Նրա խոսքով՝ մետֆորմինի, սեմագլուտիդի և հակաուռուցքային նեկրոզի գործոնի թերապիաների վերաբերյալ արդյունքները գիտականորեն հետաքրքիր են, սակայն դրանք չեն կարող մեկնաբանվել որպես ապացույց, որ առողջ մարդիկ պետք է ընդունեն այդ դեղամիջոցները՝ ծերացումը դանդաղեցնելու համար։
Հետազոտություններում ընդգրկված են եղել կոնկրետ հիվանդություններ ունեցող մարդիկ։ Հետևաբար դիտարկված փոփոխությունները կարող են մասամբ պայմանավորված լինել հիմնական հիվանդության, բորբոքային գործընթացի կամ նյութափոխանակության բարելավմամբ, այլ ոչ թե հենց ծերացման գործընթացի անմիջական հետընթացով։
Միայն կենսամարկերները չեն կարող կանխատեսել առողջ կյանքի տևողությունը
Թեև հետազոտության արդյունքները նոր պատկերացում են տալիս ԴՆԹ-ի ծերացման կենսամարկերների վերաբերյալ, Շեբնամ Ունլյուիշլերը զգուշացրել է, որ դրանք ընդգծում են նաև էպիգենետիկ կենսամարկերների ներկայիս սահմանափակումները։
Մասնագետի խոսքով՝ հաջորդ կարևոր քայլը պարզելն է, թե արդյո՞ք այս կենսամարկերների փոփոխությունները հուսալիորեն կանխատեսում են այնպիսի նշանակալի արդյունքներ, ինչպիսիք են՝
- Ֆիզիկական և ճանաչողական գործառույթների պահպանումը։
- Հիվանդությունների զարգացման հավանականության նվազումը։
- Առողջ կյանքի տևողության ավելացումը։
Մինչ այդ էպիգենետիկ ժամացույցները պետք է դիտարկել որպես խոստումնալից հետազոտական գործիքներ, այլ ոչ թե կլինիկական գնահատման ինքնուրույն չափանիշներ կամ մարդու առողջության վերջնական ցուցանիշներ։
Ի՞նչ կարող ենք անել առողջ ծերանալու համար
Ներկայումս չկա որևէ միջամտություն, որն ապացուցված կերպով կարող է դանդաղեցնել մարդու ծերացումը։
Առողջ ծերացման համար առավել հիմնավորված միջոցները բավականին պարզ են՝ չծխել, կանոնավոր մարզվել, առողջ սնվել, բավարար քնել և վերահսկել արյան ճնշումը, խոլեսթերինի ու շաքարի մակարդակն արյան մեջ։
Շեբնամ Ունլյուիշլերը ևս համաձայն է, որ աերոբիկ և ուժային կանոնավոր վարժությունները, միջերկրածովյան սննդակարգի սկզբունքներով հավասարակշռված սնունդը, առողջ քաշի պահպանումը, ծխելուց հրաժարվելը, ալկոհոլի սահմանափակումը և բավարար ու կանոնավոր քունը նպաստում են նյութափոխանակային, սրտանոթային և ճանաչողական երկարաժամկետ առողջությանը։
Նա նաև ընդգծել է զարկերակային բարձր ճնշման, խոլեսթերինի բարձր մակարդակի և շաքարային դիաբետի պատշաճ վերահսկման կարևորությունը։
«Մենք չենք կարող փոխել մեր իրական տարիքը, սակայն կարող ենք ազդել բազմաթիվ կենսաբանական գործընթացների վրա, որոնք որոշում են, թե որքան առողջ ենք մենք ծերանում։ Ներկայումս այս հաստատված սովորություններն առողջ կյանքի տևողության պահպանման հարցում շատ ավելի հիմնավոր գիտական ապացույցներ ունեն, քան որևէ առանձին սննդային հավելում կամ, այսպես կոչված, հակատարիքային բուժում»,- եզրափակել է մասնագետը։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: