«Էն ժամանակները չեն, որ մարդկանց բռնաճնշումներով քարոզարշավի տանես»․ Արթիկի համայնքապետի ՔՊ թեկնածու

Արթիկի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Aravot.am-ը ընտրապայքարի մեջ մտած մյուս երեք քաղաքական ուժերի համակիրներից ահազանգեր էր ստանում, թե ճնշումներ գործադրելով պետական կառույցների աշխատակիցների, ընդհուպ դպրոցների ուսուցիչների վրա՝ նրանց հանդիպման են տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Անանիկ Ոսկանյանի հետ։

Aravot.am-ն այսօր թեկնածուից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է ճնշումներ գործադրելով՝ հանդիպումների բերել Արթիկ համայնքի բնակիչներին։ Նշենք, որ Արթիկի տարածաշրջանը Շիրակի մարզի մյուս տեղանքներից տարբերվում է քաղաքականապես ավելի հասուն բնակիչներով, այստեղ քաղաքական կյանքը մշտապես եռում է, եթե օրինակ՝ Գյումրիում կա որոշակի անտարբերություն, ինչ-որ տեղ անվստահություն կուսակցությունների գործունեության նկատմամբ, Արթիկում քաղաքական կուսակցությունները մշտապես միս ու արյուն են ստանում։

Անանիկ Ոսկանյանը պատասխանեց․ «Արթիկում հնարավոր չէ բնակիչներին ուղղորդել, արթիկցին լավ գիտակից մարդ է, Արթիկը բարձր մակարդակի հասարակություն ունի, ու մարդկանց բռնաճնշումների ենթարկելով կամ տարբեր մեխանիզմներ օգտագործելով՝ հանդիպումների տանել հնարավոր չէ։ Էս էն ժամանակները չեն, բոլորդ էլ գիտեք, գիտակցում եք, որ նման բան չի եղել, չի էլ լինելու։

Բացի այդ, ես ճնշող մեծամասնության աջակցությունն ունեմ, իմ թիմը շատ մեծ է,  ինչո՞ւ պիտի բռնաճնշումներով ինչ-որ մեկին բերեմ քարոզարշավի, դրա կարիքը չունեմ»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment