«Լուսակերտում ինչ-որ մեկը՝ հեռախոսն ականջին դրած, ման էր գալիս ու ասում՝ ընտրե՛ք էսինչ համարին»․ Լևոն Վահրադյան

Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախկին նախարար Լևոն Վահրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել․ դրանցից մի քանիսի մասին տեղեկացել են մամուլից, մի քանիսին էլ իրենց վստահված անձինք են արձանագրել։

«Որոշ ընտրատեղամասերում կուտակումներ կան, տեղամասեր կան, որ  նույնիսկ ինչ-որ մեկը՝ հեռախոսն ականջին դրած, ֆռռում է, ման է գալիս ու ասում՝ ընտրեք համար էս ինչին։ Հարցնում եմ՝ ի՞նչ եք անում էս տարածքում, Լուսակերտի մասին է խոսքը։

Արթիկ քաղաքի 5-րդ դպրոցում տեղակայված ընտրատեղամասից էլ արձագանք եղավ, երևի ինքներդ էլ տեսել եք, որ այնտեղ կուտակումներ կային՝ ավտոմեքենաներ, մարդիկ․․․

Բազմաթիվ տեղամասերից ահազանգ կա, որ երկու վստահված անձինք կան ներսը, այսինքն այսպես ասած «պասերով»՝ ներսից-դուրս, դրսից-ներս։

Դուք գիտեք, թե որ քաղաքական ուժն է այդպես անում, պարզ է՝ ով է։ Հաստատ մեզ ՝ընդդիմադիրներիս․ չեն թողնի երկու վստահված անձ ունենալ», -ասաց Լևոն Վահրադյանը։

Հիշեցնենք, որ  24 բնակավայրերից բաղկացած Արթիկ խոշորացված համայնքում այսօր  ՏԻՄ ընտրություններ են, մասնակցում են չորս քաղաքական ուժեր․ որոնցից մեկը ՔՊ-ն է, մյուս երեք ընդդիմադիրներ են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment