ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում

Քաղաքականություն

25.10.2026 | 18:06

Հոկտեմբերի 25-ին՝ COP17-ի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանն ընդգծել է մասնավոր հատվածի ներգրավվածության կարևորությունը կենսաբազմազանության պահպանության, տնտեսական դիմակայունության ամրապնդման և միջազգային արժեքային շղթաներում հայկական ընկերությունների ներգրավման գործում։

«ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է կենսաբազմազանության պահպանության տնտեսական նշանակությունը՝ կարևորելով մասնավոր հատվածի ակտիվ  ներգրավվածությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման գործում: Այս համատեքստում  ընդգծվել է կենսաբազմազանության փոխկապակցվածությունը տնտեսական դիմակայունության, պարենային համակարգերի անվտանգության և մատակարարման շղթաների հետ:

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է COP17-ի կարևոր դերը նոր գործարար կապերի հաստատման, միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման և հայկական ընկերությունների՝ միջազգային արժեքային շղթաներում ներգրավման հնարավորությունների բացահայտման գործում: Կարևորվել է օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության խորացումը կայուն գյուղատնտեսության, ռեսուրսների կառավարման և նորարարության ոլորտներում՝ Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունների և կենսաբազմազանության պահպանության նպատակների համադրմամբ։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է նաև մասնավոր հատվածի համար կանխատեսելի և բարենպաստ պայմանների ձևավորումը՝ ընդգծելով կառավարությունների և գործարար համայնքի միջև շարունակական երկխոսության անհրաժեշտությունը։ Նշվել է, որ սույն քննարկումները կարող են բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ՝ ի նպաստ կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացման և տնտեսական զարգացման»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment