Գործատուն չի կարող անել այն, ինչ ուզում է․ աշխատավարձից պահումների կանոնները

Աշխատանքային հարաբերություններում աշխատողի իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից են ժամանակին և ամբողջությամբ աշխատավարձ ստանալու, անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու և օրենքով սահմանված արձակուրդից օգտվելու իրավունքները։ Միաժամանակ, օրենքը սահմանում է այն դեպքերն ու պայմանները, որոնց առկայությամբ գործատուն կարող է աշխատավարձից պահումներ կատարել։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է ինչպես գործատուի հիմնական պարտականությունները, այնպես էլ աշխատավարձից պահումներ կատարելու հիմքերն ու չափերի սահմանափակումները։

Ո՞ր դեպքերում կարող է գործատուն պահումներ կատարել աշխատավարձից

Գործատուն չի կարող կամայականորեն պահումներ կատարել աշխատողի աշխատավարձից։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածով սահմանված են այն դեպքերը, երբ թույլատրվում է աշխատավարձից պահումներ կամ գանձումներ կատարել։

Գործատուն կարող է աշխատավարձից պահումներ կատարել՝

աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը.

հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումները.

գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը.

աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը.

չաշխատած օրերի համար վճարված գումարը`եթե սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով,

111-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերով,

110-րդ հոդվածով և 112-րդ հոդվածի 1-ին և 2.1-ին մասերով,

113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ, 13-րդ կետերով նախատեսված դեպքերում աշխատողն ազատվում է աշխատանքից մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել էր արձակուրդ:

Ի՞նչ ժամկետներ պետք է պահպանի գործատուն

Աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ առաջին չորս դեպքերում գործատուն պետք է պահումներ կամ գանձումներ կատարելու մասին համապատասխան իրավական ակտ ընդունի համապատասխան հանգամանքի առաջանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում։

Չաշխատած օրերի համար վճարված գումարի վերադարձի դեպքում համապատասխան իրավական ակտը պետք է ընդունվի մինչև աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու օրը, կամ պահումների մասին նշում պետք է կատարվի աշխատանքից ազատելու վերաբերյալ անհատական իրավական ակտում։

Կարո՞ղ է գործատուն ցանկացած ավել վճարված գումար հետ գանձել

Չի կարող։ Եթե աշխատավարձը ավել է վճարվել օրենքի սխալ կիրառման հետևանքով, գործատուն չի կարող այդ գումարը պահել կամ գանձել աշխատողից։ Բացառություն են կազմում հաշվարկային մեխանիկական սխալների դեպքերը։

Եթե թույլատրելի պահումներից հետո աշխատողի պարտքը ամբողջությամբ չի մարվել, կամ պահումներ կատարելու հնարավորություն չկա, գործատուն կարող է չմարված պարտքը գանձելու պահանջով դիմել դատարան։

Աշխատավարձից որքա՞ն գումար կարող է պահել գործատուն

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 214-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձից կատարվող պահումների և գանձումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել աշխատողի մեկ ամսվա աշխատավարձի 50 տոկոսը։

Բացի այդ, օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված պահումներն ու գանձումները կատարելուց հետո աշխատողին վճարվող աշխատավարձը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից։

Այսպիսով, նույնիսկ եթե պահման համար առկա է օրենքով նախատեսված հիմք, գործատուն պարտավոր է պահպանել նաև պահումների չափի վերաբերյալ սահմանափակումները։

Որո՞նք են գործատուի հիմնական պարտականությունները

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի համաձայն՝ գործատուն պարտավոր է՝

Ապահովել աշխատանքով․ աշխատողին տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը և կազմակերպել դրա կատարումը։

Ժամանակին վճարել աշխատավարձը․ աշխատավարձը վճարել սահմանված ժամկետներում և չափով։

Տրամադրել արձակուրդ․ օրենքով սահմանված կարգով ապահովել վճարվող և չվճարվող արձակուրդի տրամադրումը։

Ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ․ ստեղծել առողջության համար անվնաս աշխատանքային միջավայր։

Ծանոթացնել աշխատանքային կանոններին․ աշխատանքի ընդունելիս և աշխատելու ընթացքում աշխատողին ներկայացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության պահանջները։

Կատարել այլ իրավական պարտականություններ․ պահպանել օրենքներով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով սահմանված պահանջները։

Ի՞նչ պետք է հիշեն աշխատողներն ու գործատուները

Աշխատավարձից պահումներ կատարելու համար անհրաժեշտ են օրենքով նախատեսված հիմք և սահմանված ընթացակարգի պահպանում։ Գործատուն չի կարող աշխատավարձից պահումներ կատարել իր հայեցողությամբ կամ անտեսել դրանց չափի վերաբերյալ սահմանափակումները։ Միաժամանակ, գործատուի պարտականությունները չեն սահմանափակվում աշխատավարձի վճարմամբ․ նա պետք է ապահովի պայմանագրով նախատեսված աշխատանքը, անվտանգ աշխատանքային միջավայրը և աշխատողի՝ օրենքով երաշխավորված իրավունքների իրացումը։Աշխատողներին խորհուրդ է տրվում աշխատավարձից պահումներ հայտնաբերելու դեպքում պարզել դրանց հիմքը և պահանջել համապատասխան պարզաբանումներ։ Իրավունքների խախտման կասկածի դեպքում կարելի է դիմել իրավաբանական խորհրդատվության կամ իրավասու մարմիններին,-տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a comment