Սյունիքում ընտրողները պասիվ են (ֆոտոշարք)

Սյունիքի մարզի 2 համայնքում՝ Գորիսում ու Մեղրիում համայնքի ավագանու ընտրություններ են։ Գորիսում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 30209 ընտրող, իսկ Մեղրիում՝ 8386։

Գորիս համայնքի թվով 33 ու Մեղրի համայնքի թվով 16 ընտրական տեղամասերում ժամը 8-ից սկսվել է քվեարկությունը։ Սյունիքում ընտրողները պասիվ են, ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների՝ թերեւս պատճառը անձրեւն է։ ժամը 11-ի դրությամբ Մեղրիում մասնակցել է 956 ընտրող կամ 11, 52 տոկոսը, իսկ Գորիսում 2750 կամ 9,99 տոկոսը։

Մեղրիում առաջադրվել է 4 քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագրի» 42 հոգանոց ընտրացուցակը գլխավորում է գործարար Սերգո Գալստյանը, 10 հոգանոց ցուցակով Շնորհապետական կուսակցությունը՝ Վլադիկ Գեւորգյանի գլխավորությամբ, Եվրոպական կուսակցության առաջին հորիզոնականում Արշավիր Հովհաննիսյանն է։ Եվրոպական կուսակցության ցուցակում 12 թեկնածու են։ «Ապրելու երկիրը» 10 թեկնածուով է  մասնակցում, իսկ ցուցակի առաջին հորիզոնականում Արմեն Հայրապետյանն է։ Նա Մեղրիի գործող ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։

Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն էլ գլխավորում է Գորիսի ավագանու ընտրություններում առաջադրված «Ապրելու քվե» դաշինքի ցուցակը։ Դաշինքը կազմել են «Ապրելու երկիրն» ու «Հայկական քվեն»։

«Համերաշխություն» դաշինքի,  որը կազմել են «Քաղաքացիական պայմանագիր» ու «Գործարար» կուսակցությունները, ընտրացուցակը գլխավորում է Գորիսի համայնքապետ, անկուսակցական Առուշ Առուշանյանը։ Տեղ ու Տաթեւ համայնքները վերամիավորվել են Գորիս համայնքին ու այստեղ երկու դաշինքերը հավակնում են ավագանու 27 մանդատին։  Իսկ Մեղրի համայնքի ավագանու թիվը 15 է։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment