Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանում ընթացող պատերազմը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 մլրդ եվրո

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը El País պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում արձանագրված գնաճի զգալի մասը պայմանավորված է Իրանում ընթացող պատերազմով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ հակամարտության տնտեսական հետևանքները Եվրոպային արդեն արժեցել են ավելի քան 100 միլիարդ եվրո։

«Այդ գնաճի զգալի մասը, եթե ոչ ամբողջը, կապված է Իրանում ընթացող պատերազմի հետ, որին մենք ի սկզբանե դեմ ենք արտահայտվել», – ընդգծել է Սանչեսը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում «ամենաէժան միջոցառումը կլիներ այս պատերազմի դադարեցումը»։

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Իսպանիայի իշխանությունները մինչև տարեվերջ հատկացրել են 12 միլիարդ եվրո՝ բնակչության սոցիալական պաշտպանվածության միջոցառումների համար, որոնք ուղղված են գների աճի հետևանքները մեղմելուն։ Համաձայն Իսպանիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ սեպտեմբերին տարեկան գնաճը երկրում հասել է 4.9%-ի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2023 թվականի փետրվարից ի վեր։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment