Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, միջադեպ, վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կրծքավանդակի ձախ մասում ստացված հրազենային վնասվածքով «Երևան» բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ տղայի, որտեղից նրան տեղափոխել են «Նորք-Մարաշ սրտաբանական» բժշկական կենտրոն։
Տեղում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը ավտոքարշակի միջոցով քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա Վահագն Հակոբյանն է, ում հայրը՝ Անդրանիկ Հակոբյանը, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահն է, տղան նույնպես կարատեիստ է, և նրա կյանքը հնարավոր է եղել փրկել Երևանի 103 շտապօգնության, «Երևան» բժշկական կենտրոնի, ապա «Նոր-Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ, իսկ գնդակը «Նոր-Մարաշ»-ի բժիշկները հայտնաբերել են սրտի մեջ և մի քանի ժամ պայքարելուց հետո կարողացել են վիրավորի վիճակը կայունացնել, սակայն որոշ ժամանակ նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Եթե այդ երեք՝ Երևանի 103 շտապօգնության, «Երևան» բժշկական կենտրոնի և «Նոր-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկները օպերատիվ չգործեին, երիտասարդ տղայի կյանքը հնարավոր է չհաջողվեր փրկել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանները Երևանի քրեական ոստիկաններն ու Արաբկիրի համայնքային ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները ու որոշ մասնակիցների հայտնաբերել են։