Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում շաբաթ օրը տեղի են ունեցել բախումներ իրավապահ մարմինների և հակակառավարական ցուցարարների միջև, որոնք պահանջում են բարելավել երկրի կրթական համակարգի պայմանները։ Reuters ագենտության ականատեսների և բելգիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և պղպեղի սպրեյ։
Բախումները բռնկվել են այն բանից հետո, երբ հարյուրավոր երիտասարդներ հավաքվել են փողոցներում՝ շարունակելով վերջին ամիսներին պարբերաբար անցկացվող ցույցերի ալիքը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը և ոստիկանությանը մեղադրում են չափազանցված բռնություն կիրառելու մեջ։
Թեև շաբաթ օրվա բախումները չափերով ավելի փոքր էին և նվազ բռնի, քան նախորդ շաբաթ Բելգիայում և հարևան Ֆրանսիայում գրանցված զանգվածային անկարգությունները, միջադեպերն այնուամենայնիվ անխուսափելի են եղել։ Reuters-ի ականատեսների վկայությամբ՝ ոստիկանների հետապնդման ընթացքում ցուցարարները փորձել են փախչել և ընկել են գետնին, ինչից հետո իրավապահները հարվածներ են հասցրել ցուցարարներից մեկին։ Ակցիայի մասնակիցները ճանապարհային նշաններն ու այլ իրեր նետել են վարձույթի ինքնագլորների ու հեծանիվների կույտի վրա՝ փորձելով հրդեհել դրանք։
Բելգիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեկ այլ հատվածում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների խումբը ցրելու համար։ Oրվա վերջում Բրյուսելի ոստիկանության տարածած հայտարարության համաձայն՝ լուրջ միջադեպեր չեն գրանցվել, և ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ «հասարակական կարգի պահպանման և բոլորի անվտանգության ապահովման համար»։ Իրավապահները հասարակական կարգը խախտելու համար ժամանակավորապես բերման են ենթարկել 5 անձի, իսկ ևս 4-ին ձերբակալել են արգելված զենք կրելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով։