ՀՀ–ում թունաքիմիկատների ոչ գրագետ օգտագործումը հանգեցնում է հիվանդությունների. փորձագետ

Բաժանորդագրվել

Չիմանալով թունաքիմիկատների ճիշտ դոզավորումը՝ ֆերմերները հաճախ, ապահովության համար, դրանք հարկ եղածից ավելի շատ են օգտագործում, ինչը բացասական հետևանքներ է առաջացնում:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում շատ ֆերմերներ թույլատրելիից շատ թունաքիմիկատներ են օգտագործում։ Այդ մասին COP17 կենսաբազմազանության համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Justus» հետազոտությունների և խորհրդատվությունների հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Էմիլ Գևորգյանը։

Հիմնադրամն իրականացրել է հետազոտություն՝ ի մի բերելով վերջին տարիների գիտական հրապարակումները Հայաստանում թունաքիմիկատներով աղտոտվածության վնասակար հետևանքների մասին: Դրանցից մեկի համաձայն՝ Արագածոտնի մարզում հայտնաբերվել են ժամկետանց քիմիկատների կիրառման դեպքեր, որոնք առողջական խնդիրներ են առաջացրել հատկապես նորածինների և կրծքով կերակրող մայրերի մոտ: Բավական լուրջ աղտոտվածություն հայտնաբերվել է նաև Գեղարքունիքի մարզում։

Ինչպես մարդկանց, այնպես էլ բնությանը սպառնացող խնդիրներից բացի, մասնագետներն ուսումնասիրել են նաև ֆերմերների և ջերմոցային տնտեսությունների աշխատողների անվտանգության հետ կապված մասնավոր դեպքերը: Պարզվել է, որ ֆերմերները հաճախ չգիտեն, որ քիմիական նյութեր ցողելիս պետք է օգտագործել պաշտպանիչ միջոցներ, կամ էլ, իմանալով հանդերձ, ինչ-ինչ պատճառների բերումով դրանք չեն կիրառում։

Շատ դեպքերում ֆերմերները, լավ չիմանալով որոշակի դեղերի համար անհրաժեշտ դեղաքանակը, դրանք օգտագործում են հարկ եղածից ավելի շատ:

Գևորգյանի խոսքով` այդ խնդրի լուծման համար պետք է ներգրավել ոչ միայն պետական մարմիններին, այև արհմիություններին։ Այդ իսկ պատճառով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պարբերաբար կտեղեկացնի ագրարային ոլորտի ձեռնարկություններին ագրոքիմիայի ճիշտ կիրառման և աշխատանքի անվտանգության տեխնիկայի մասին:

Leave a comment