Արտենիի դպրոցի պատից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի մշակույթի տան պատին

Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրում բնակիչները որոշում են կայացրել թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի պատից հեռացված Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը տեղադրել համայնքի մշակույթի տան պատին:

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 23-ին, Shamshyan.com-ի հրապարակած տեսանյութում գյուղի բնակիչները խստորեն դատապարտել էին կրթական հաստատության պատից լեգենդար զորավարի նկարի հեռացման փաստը։ Ստեղծված իրավիճակում համայնքի բնակչությունը միասնական որոշում է կայացրել նկարը տեղափոխել Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի մոտ գտնվող մշակույթի տան պատի այն հատվածը, որտեղ խորհրդային տարիներին եղել է Լենինի մեծադիր պատկերը։

Արտենիում արդեն մեկնարկել են նկարի վերականգնման և տեղադրման աշխատանքները, որոնք իրականացվում են մասնագետների կողմից։ Միաժամանակ տեղեկացվում է, որ նկարի հարևանությամբ կառուցման փուլում է գտնվում նաև արցախյան պատերազմներում նահատակված արտենիցի հերոսների հիշատակը հավերժացնող հուշաղբյուր-հուշակոթողը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment