Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումները․ որոշ դիվանագիտական ներկայացուցիչների արտահայտած մտահոգությունների հիման վրա առաջարկվել է չեղարկել Արցախի համույթների մասնակցության հրավերը

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումները․

Ի լրումն մեր նախորդ հայտարարության՝ հրապարակում ենք Համաշխարհային փառատոնային ասոցիացիայի (WOFA) պաշտոնական գրությունը՝ Վիեննայի միջազգային փառատոնին արցախյան մշակութային համույթների մասնակցության հարցի վերաբերյալ։

Գրության համաձայն՝ որոշ դիվանագիտական ներկայացուցիչների արտահայտած մտահոգությունների հիման վրա առաջարկվել է չեղարկել մեր համույթների մասնակցության հրավերը։

Առանձնապես մտահոգիչ է պաշտոնական գրության մեջ տեղ գտած այն ձևակերպումը, ըստ որի՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն ենթադրաբար ներգրավված է «անջատողական գործունեության» մեջ։

Կարդացեք նաև

Մինչդեռ պաշտոնական գրությունը չի պարունակում որևէ փաստական հիմնավորում, որը կհաստատեր նման պնդումը։
Թեև կազմակերպիչը նախապես խոստացել էր պաշտոնապես պարզաբանել, թե կոնկրետ որ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներից են ստացվել այդ մտահոգությունները, մինչ այս պահը մեզ համապատասխան տեղեկություն չի տրամադրվել։

Միաժամանակ, WOFA-ի նախագահ Զորան Ստրեժովսկին անձնական նամակագրությամբ հայտնել էր, որ, ի նշան մեզ աջակցության, պատրաստ է նույնիսկ առաջարկել չեղարկել ամբողջ փառատոնը։

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ստեղծված իրավիճակի կապակցությամբ WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել։ Նիստի արդյունքների և ընդունված որոշումների մասին կհայտնենք լրացուցիչ։

Մենք անընդունելի ենք համարում մշակութային կազմակերպության հասցեին նման լուրջ պնդումների ներկայացումը՝ առանց դրանց փաստական հիմքերը ներկայացնելու։

Ստեղծված իրավիճակը դուրս է մեկ փառատոնի շրջանակներից և առնչվում է մշակութային իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև միջազգային մշակութային համագործակցության ազատությանը։
Կից ներկայացնում ենք WOFA-ի պաշտոնական գրությունը։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment