«Գթությունը երկու անգամ է օրհնված. այն օրհնում է նրան, ով տալիս է, և նրան, ով ստանում է»։
Ուիլյամ Շեքսպիր
Երևանում գործող «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամն արդեն 20 տարի է Դրոյի 22/5 հասցեում ունի գործունեության տարածք։ Այս առթիվ հոկտեմբերի 23-ին նույն տարածքում հիմնադրամի և Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարական կոմիտեի կազմակերպմամբ նշվեց «Հուսո տան» շենքի շահագործման խորհրդանշական 20 ամյակը։ Նույն շենքը նախապես կառուցվել է որպես մայրաքաղաքի սոցիալապես անապահով անձանց սպասարկման կենտրոն։
Սակայն տարիների ընթացքում այն ավելի կարևոր առաքելություն ունի, և այժմ «Հուսո տուն»-ը տարբեր սոցիալական ծրագրեր է իրականացնում ոչ միայն մայրաքաղաքում, այլև ՀՀ տարբեր մարզերում։ 2026թ․ հիմնադրամի 8 մարդասիրական ծրագրերում ընդգրկված են ընդհանուր 5580 շահառու՝ տարբեր տարիքային, ռիսկային, սոցիալական խմբեր։ Իսկ իր պատմության ողջ ընթացքում «Գթության խոհանոց»-ն ունեցել է ավելի քան 28 800 շահառու։
Կենտրոնի առանցքային ծրագրերից է «Գթության խոհանոց»-ը, որի նաև 33-րդ շրջանի բացումն ազդարարվեց հոկտեմբերի 23-ին։ Տոնական միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Գերմանիայից ժամանած հյուրեր՝ 2002-2021 թվականներին գերմանական կողմից «Գթության խոհանոց» ծրագրի գործունեության պատասխանատու Կառլ-Հանց Շայդենը, Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության նախկին համակարգող Մայքլ Ուիբելը, այլք։
Ներկա էին նաև հիմնադրամի բարեկամներ, աջակիցներ, կամավորներ, շահառուներ, հյուրեր։ Ներկաներին ողջունեց «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մովսես Պողոսյանը, ում նվիրական աշխատանքի արդյունքում արդեն տասնամյակներ շարունակ գործում է հիմնադրամը։ Եվ պատահական չէ, որ ունի աջակիցներ՝ պետական, միջազգային, անհատական, հասարակական և այլն։
Մ․ Պողոսյանը, դիմելով ներկա շահառուներին, շնորհավորելուց «Գթության խոհանոց»-ի բացման 33 ամյակի առթիվ, ասաց․ «․․․Ամենակարևորը, որ մենք սիրում-հարգում ենք ձեզ, և շնորհակալ ու հպարտ ենք, որ դուք թույլ եք տալիս ծառայել ձեզ։ Պետք է լինենք միասնական ու միասնաբար կերտենք մեր ապագան, որը տեսնում ենք մեր այս հրաշք մանուկների տեսքով»։ Այնուհետև կարևորեց, որ կենտրոն հյուր է եկել Երևանի քաղաքապետը։ Տ․ Ավինյանն անդրադարձավ «Հուսո տուն» հիմնադրամի՝ տարիների գործունեությունը և կարևորեց նրա դերը սոցիալապես անապահով մեր քաղաքացիներին օժանդակելու գործում։
«Այս առաքելությունը մարդասիրության և հայ-գերմանական ժողովուրդների բարեկամության գեղեցիկ օրինակ է։ Իսկ կենտրոնի տնօրենի նվիրումն ու պատասխանատվությունը շատ արժանի օրինակ է։ Շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ ձեզ շնորհավորելու և մեր քաղաքի կողմից արժանին գնահատելու պարոն Պողոսյանի աշխատանքը», -հավելեց Տ․ Ավինյանն ու մայրաքաղաքի կողմից Մ․ Պողոսյանին հանձնեց «Էրեբունի-Երևան 2803»-ի հուշամեդալը։
Շնորհակալություն հայտնեց նաև գերմանացի բարեկամներին, կամավորներին, ովքեր սիրով են մասնակից լինում հիմնադրամի ծրագրերի իրականացմանը, աջակիցներին։ Տ․ Ավինյանն էլ ազդարարեց «Գթության խոհանոց»-ի 33-րդ շրջանի բացումը։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Գերմանիայից ժամանած հյուրերը։
Կառլ-Հանց Շայդենի նախաձեռնությունների շնորհիվ՝ «Գթության խոհանոց» ծրագրի համար հանգանակվել է 3 միլիոն եվրո։ Իր ողջույնի խոսքում նա տեղեկացրեց՝ սիրով է ընդունել ներկա գտնվելու այս գեղեցիկ միջոցառմանը և եկել է հայազգի կնոջ հետ։ Ներկաներին փոխանցեց իրենց քաղաքի ղեկավարի ողջույնի խոսքը՝ նշելով պարոն Առնոլդը շատ է իրենց օգնում այս մարդասիրական ծրագրում։
Նաև կարևորեց Մ․ Պողոսյանի նվիրումով աշխատանքը։ Ողջունելով ու շնորհավորելով օրվա առթիվ՝ Մայքլ Ուիբելն անդրադարձավ «Գթության խոհանոց»-ի գործունեության պատմությանը։ Տեղեկացրեց՝ իրենց կազմակերպությունը Հայաստանի հետ բարեկամությունն սկսել է 1988 թ․ երկրաշարժից հետո՝ համագործակցելով Հայկական կարմիր խաչի հետ, և բացել են «Սպիտակ» փրկարարական ջոկատը։ Գերմանացի լեռնափրկարար Մայերը երկրաշարժի ժամանակ ղեկավարում էր Գերմանական Կարմիր խաչի ուժերը Հայաստանում։ 1993-ին նա Երևանում բացել է «Գթության խոհանոց»-ը։
Օրվա ընթացքում մատուցվեց տոնական ճաշ, իսկ ելույթներից հետո ներկաների, հատկապես՝ տարեց շահառուներին օրն առավել տոնական դարձրեցին տարբեր մշակութային խմբեր՝ մանուկներ, պարարվեստի արհեստավարժ ներկայացուցիչներ, երգիչներ։
Այժմ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ «Գթության խոհանոց»-ից օգտվում է 200 շահառու։ «Ծրագրի նպատակն է նվազեցնել շահառուների սոցիալական խոցելիությունը՝ ողջ տարվա ընթացքում, աշխատանքային օրերին օրական մեկ անգամ տրամադրելով տաք, բարձր կալորիականությամբ սնունդ։ Տոնական օրերին շահառուներին մատուցվում է տոնական ճաշ, իսկ Սուրբ Ծննդյան օրերի առթիվ՝ սննդի տոնական փաթեթ։ Նրանց պարբերաբար տրամադրվում է հագուստ և կենցաղային տեխնիկա», -նշված է հիմնադրամի տեղեկագրում։
Այժմ ծրագիրն իրականանում է ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարության համաֆինանսավորմամբ։ Իսկ ծրագրի շահառուների խմբում են նաև սիրիահայ և Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ։ Կարևոր ծրագիր է նաև «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագիրը, որն իրականացվում է 2021 թվականից և ունի 150 շահառու երեխա՝ հիմնականում Արցախից բռնի տեղահանվածներ, ինչպես նաև սիրիահայեր և տեղաբնակներ։
Օրվա ընթացքում Գերմանիայից ժամանած հյուրերը շրջեցին Երևանում, երեկոյան կայացավ տոնական ընթրիք։ Հոկտեմբերի 21-ին «Հուսո տուն» է բերվել գերմանացի Վիտտմանների ընտանիքի հերթական նվերը՝ 300 եղևնու տնկի։ Նախաձեռնության հեղինակը հիմնադրամի նվիրյալ բարեկամ Կառլ-Հայնց Շայդեն էր։ Տնկիները Հայաստան էին հասցրել գերմանական Շվեբիշ Գմյունդ քաղաքի լեռնափրկարարները։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: