Միացյալ Նահանգները շտապ տարհանում է իր դիվանագետներից ոմանց և նրանց ընտանիքների անդամներին Մերձավոր Արևելքի երկրներից։
ԱՄՆ-ն իրականացնում է որոշ դիվանագետների և նրանց ընտանիքի անդամների շտապ տարհանում Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններից՝ որպես պատճառ նշելով իրավիճակի սրման վտանգը. այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Պետդեպարտամենտը հեռուստաընկերությանը հաստատել է, որ Լիբանանում, ԱՄԷ-ում, Քաթարում և Հորդանանում աշխատակազմի թվաքանակի ժամանակավոր փոփոխություններ են կատարվել։ Միաժամանակ, ըստ գերատեսչության, Քուվեյթում կամ Բահրեյնում նման փոփոխություններ չեն եղել։
Տարհանման ենթարկված ամերիկացի դիվանագետները հեռուստաընկերությանը հայտնել են, որ մեկնման գործընթացը կազմակերպված չի եղել, իսկ ֆինանսական աջակցության հարցում անորոշություն է տիրել։ Զեկույցում նշվում է, որ ոմանք իրենց սպասվող մեկնման մասին իմացել են լրատվամիջոցներից, այլ ոչ թե իրենց դիվանագիտական առաքելության ղեկավարությունից։
«Ասել, թե իրավիճակը քաոսային էր, նշանակում է՝ ոչինչ չասել», — CNN-ին ասել է ամերիկացի դիվանագետներից մեկը։
Ըստ հեռուստաընկերության՝ ամերիկացի դիվանագետները տարհանումը նկարագրել են որպես «նյարդայնացնող և քաոսային «դեժավյու» (կրկնվող իրավիճակ)», քանի որ աշխատակիցներից շատերը տարածաշրջանից նախկինում հեռանալուց հետո (ինչը պայմանավորված էր փետրվարին Իրանի հետ ռազմական գործողությունների սկսվելով) վերջերս էին միայն վերադարձել իրենց աշխատավայրեր։
Պետդեպարտամենտը հրահանգել է Սաուդյան Արաբիայից դուրս բերել ոչ հիմնական անձնակազմին, ինչպես նաև ԱՄՆ աշխատակիցների ընտանիքի բոլոր անդամներին։ Միաժամանակ, Վաշինգտոնը, առանց հրապարակային հայտարարության, սկսել է փոփոխություններ կատարել տարածաշրջանի այլ երկրներում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակազմի թվաքանակում։ CNN-ի հիշատակած երկրների թվում են Հորդանանը, Բահրեյնը, Քուվեյթը, Քաթարը, ԱՄԷ-ն և Լիբանանը։