Ի՞նչ է կատարվում նախընտրական Արթիկում․ լռության օրը ձերբակալել են ընդդիմադիր թեկնածուների

Այսօր Արթիկում լռության օր է․ վաղը այս համայնքում ՏԻՄ ընտրություններ են, սակայն քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու , գործարար Արթուր Աստոյանին  և ավագանու այլ թեկնածուների։

Այս մասին ահազանգել է  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախագահ Մանե Թանդիլյանը։ Թե ինչ գործի շրջանակում են ուժայինները բերման ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուներին,  այս մասին  պաշտոնական տեղեկատվություն  դեռ չկա։

Հիշեցնենք, որ Արթիկում ընտրապայքարի մեջ են մտել չորս քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահ Անանիկ Ոսկանյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուն Արթիկի ավագանու անդամ Արթուր Աստոյանն է․ նա Արթիկի ձեռնոցի գործարանի սեփականատերն է, «Հայրենիք» կուսակցությունը՝ 2018 թվականին ԲՀԿ-ի պորտֆելով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Վահրադյանի գլխավորությամբ, և Արթիկի նախկին քաղաքապետ Մխիթար Վարագյանը, որն այս անգամ գլխավորում է «Ազատ դեմոկրատների» ցուցակը։

Ակնհայտ է, որ Արթիկում թեժ մրցակցություն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment