Հայաստանում «ամեն ինչի քարտեզ» կկազմեն – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հայաստանում կշարունակվեն ազգային գեոպորտալի ստեղծման աշխատանքները՝ վերգետնյա և ստորգետնյա շերտերի քարտեզներով, ինչպես նաև հանքավայրերի, ջրային պաշարների, գյուղատնտեսության և այլ ոլորտների վերաբերյալ թեմատիկ բաժիններով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Ավելի վաղ կոմիտեն Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային աջակցությամբ մշակել էր տեղանքի քարտեզագրական հանույթի ազգային ստանդարտներ: Առանց նման ստանդարտի տարբեր գերատեսչություններում առաջանում էին տեղանքի կոորդինատների և հասցեների անհամապատասխանություններ: Այժմ նոր ստանդարտով արդեն իսկ իրականացվել է տեղագրական հանույթ հանրապետության ամբողջ տարածքում, դրա հիման վրա կազմվել է ազգային գեոպորտալ, որից կարող են օգտվել պետական գերատեսչությունները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու մասնավոր ընկերությունները՝ ներառյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները և ենթակառուցվածքային այլ օպերատորներ: Այժմ նրանց հետ բանակցություններ են ընթանում տվյալներին ընդլայնված հասանելիություն ապահովելու շուրջ:

Այնուհետև քարտեզում կտեղադրվեն ստորգետնյա և թեմատիկ շերտերը՝ հանքավայրերը, գետերն ու ստորգետնյա ջրերը, անտառներն ու գյուղատնտեսական նշանակության հողերը:

«Ապագայում հնարավոր կլինի քարտեզի վրա ընտրել ցանկացած տեղանք և ընդամենը մեկ սեղմումով տեսնել վերգետնյա ու ստորգետնյա ենթակառուցվածքների ու ռեսուրսների քարտեզը: Սա շատ հարմար գործիք կլինի ինչպես պետության, այնպես էլ ներդրողների համար»,- ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

Այս ծրագրերը քննարկման կներկայացվեն կառավարություն: Հավանություն ստանալու դեպքում կսկսվի ծրագրերի իրականացումը կա՛մ արտաքին ֆինանսավորմամբ, կա՛մ պետբյուջեի հաշվին, հնարավոր է նաև՝ Կադաստրի կոմիտեի սեփական եկամուտների հաշվին (կոմիտեն մասնավոր հատվածին վճարովի ծառայություններ է մատուցում անշարժ գույքի գրանցման, գործարքների ձևակերպման և այլ ուղղություններով):

Թովմասյանն ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում Կադաստրի կոմիտեն կկարգավորի տվյալների հասանելիությունը, որոնք պետք է պաշտպանվածության որոշակի աստիճան ունենան:

Ծրագրի նոր փուլի աշխատանքները մեկնարկել են այս տարի, և կոմիտեի նպատակն է մինչև 2031 թվականը քարտեզագրել բոլոր նշված շերտերն ու գեոպորտալը դարձնել լիարժեք աշխատող հարթակ:

Sputnik Արմենիա

Leave a comment