Նպատակն է Արթիկում կասեցնել իշխանափոխությունը․ Մանե Թանդիլյան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Արթիկ համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանին և այլ թիմակիցներին բերման ենթարկելը հերթական ապօրինի բռնաճնշումն է իշխանությունների կողմից։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների մի շարք անդամների և ավագանու թեկնածուներ։ «Հրապարակի» տեղեկություններով՝ վկայի կարգավիճակով կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետ թեկնածու Արթուր Աստոյանը։

«Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում»,- գրել է Թանդիլյանը։

Կուսակցության համահիմնադիրը շեշտել է, որ իրենց քաղաքական ուժը վճռական է երկրում օրինական իշխանություն հաստատելու պայքարում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են նաև Արթիկ խոշորացված համայնքում։ Մասնակցում են 4 քաղաքական ուժեր՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Մխիթար Վարագյանը), «Ապրելու երկիր» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արթուր Աստոյանը), 3. «Հայրենիք» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Լևոն Վահրադյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (նախընտրական ցուցակը գլխավորում է Անանիկ Ոսկանյանը)։

Leave a comment