Բաքվում Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ «բաց քննարկել են տարաձայնությունները»

«Այսօր մենք բաց և կառուցողական քննարկեցինք այդ հարցերը: Այդ քննարկման արդյունքները մենք կտեսնենք մոտ ժամանակներս», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Վերջին տարիներին Հնդկաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ կային մի շարք հարցերում, և այսօր Բաքվում կայացած հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարները «բաց և կառուցողական» քննարկել են դրանք: Այդ մասին հայտարարել է Ջեյհուն Բայրամովը Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ:

«Դա ազդում էր նաև երկկողմ հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության վրա: Այսօր մենք բաց և կառուցողական քննարկեցինք այդ հարցերը: Այդ քննարկման արդյունքները մենք կտեսնենք մոտ ժամանակներս», – APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ այսօրվա բանակցությունները համագործակցության նոր հնարավորություններ կստեղծեն: Նա նաև հայտնել է, որ քննարկել են տնտեսական համագործակցության առկա հնարավորությունները:

«Այս տարվա առաջին վեց ամիսներին մեր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 600 միլիոն դոլար: Դա չի արտացոլում երկու երկրների ներուժը», – ասել է Բայրամովը:

Հնդկաստանի ԱԳ նախարարը նշել է, որ իր այցը կարելի է համարել երկու երկրների առաջնորդների՝ այս տարվա սեպտեմբերի սկզբին Բիշքեկում Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման շարունակությունը:

«Նախագահ Իլհամ Ալիևը նշանակալի ժամանակ հատկացրեց մեր համագործակցության հարցերին, և մենք քննարկումներ անցկացրեցինք: Մեր ժողովուրդները հարուստ պատմություն ունեն, մենք միմյանց վերաբերվում ենք հարգանքով: Դա մեր հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելու հիմք է ստեղծում», – հայտարարել է Սուբրամանյամ Ջայշանկարը, ով Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահի հետ:

Անցած տարվա սեպտեմբերին Հնդկաստանն արգելափակեց Ադրբեջանի՝ ՇՀԿ լիիրավ անդամ դառնալու դիմումը, ենթադրաբար՝ նաև Պակիստանի հետ Բաքվի եղբայրական հարաբերությունների պատճառով։

Հնդկաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների մեկ այլ թեմա է պաշտպանական ոլորտում Երևանի ու Նյու Դելիի սերտ համագործակցությունը, որի կապակցությամբ Բաքուն բազմիցս իր դժգոհությունն է հայտնել:

 

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment