«Մեզ համար պարզ է իրենց գործելաոճը․ հասցնում են վերջին օրերին, ամբողջ անձնակազմին ձերբակալում են աշխատավարձ տալու և այլ գործով ու այդպես գնում են ընտրությունների։ Համապետական ընտրությունների ժամանակ այդպես արեցին, այս անգամ էլ են այդպես անում»,- Ստեփանավանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իրենց թիմակիցների ձերբակալություններին։
Ըստ Նարեկ Կարապետյանի՝ այս ամենը մարդկանց վրա կաշկանդող ազդեցություն է թողնում․ «Մենք էլ պետք է սովորենք՝ ոնց պայքարել այս ռեպրեսիվ համակարգի դեմ։ Վախի մթնոլորտ ստեղծելով՝ ամեն կերպ փորձում են։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Իր աշխատակազմին, իր վստահված անձերին աշխատավարձ տալու համար, եթե մարդուն ձերբակալում են, ամեն դեպքում ծաղրանքի առարկան հաստատ այլ կողմում է, ով փորձում է դա սարքել մեծ պատմություն։ Ստեփանավանում բոլորը գիտեն, թե ինչպես է անցել ընտրական գործընթացը, կարող եք հարցում անել, տեսնել։ Չի կարող նման բան եղած լինել, քանի որ միայն անխելքն այդ ճանապարհով կգնա»։
Փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կփորձեն համոզել ընդդիմությանը Սահմանադրության հարցում, եթե չստացվեց՝ չի բացառել արտահերթ ընտրությունների գնալը, Նարեկ Կարապետյանն այս առիթով ասաց․ «Եթե համոզել ասելով՝ նկատի ունեն մոտ ժամանակներս մեր աջակիցներին, ընկերներին, թիմակիցներին կալանավորելը և փորձելը մեզ բերել համոզելու դաշտ, մենք հաստատ այդպես չենք համոզվի։ Ալիևը պետք է չասի՝ մեր Սահմանադրությունը պետք է փոխվի, թե՝ ոչ»։
Այն, որ մի օր ադրբեջանցի զինծառայողն է հատում սահմանը, մյուս օրը ադրբեջանցի հովիվը, այս առիթով Նարեկ Կարապետյանն ասաց․ «Հովվի դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում։ Հովիվն անցել է, հետ են տալիս։ Ահաբեկիչը չի արտահանձնվել ու չի արտահանձնվելու։ Բայց ինչպե՞ս է լինում, որ ադրբեջանցի հովիվն էլ է կարողանում սահմանն անցնել, ահաբեկիչն էլ։ Այսքան տարի հնարավոր չի՞ եղել էն կամերաները, որ դնում են ՀՀ-ում ամեն տեղ, մի հատ էլ սահմաններին դնեն։ Թե՞ միայն ընդդիմադիր գործիչների գրասենյակներում, լոգարաններում, այլ տեղերում են տեսախցիկներ դնում, թող մի հատ էլ սահմանին դնեն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն էլ պետք է լինի ռազմական անցյալ ունեցող գործիչ, որ գործից հասկանա, ոչ թե լավ քայլած, իրենց աջակիցը, իրենց ընկերը, այլ մասնագետ։ Կադրային առումով սովի ենթարկված են, քանի որ ոչ մեկ իրենց հետ չի ուզում աշխատել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: