Ռուսաստանի պետական «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն ուսումնասիրում է մրգերի և բանջարեղենի՝ Ադրբեջանից և Թուրքիայից Ռուսաստան տեղափոխման հնարավորությունը Վրաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհով։
Այս մասին Ստամբուլում Վերոնայի Եվրասիական տնտեսական ֆորումում հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վադիմ Միխայլովը։
Նրա խոսքով՝ ներկայումս մշակվում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը Ռուսաստանը կապում է Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ։ Միջանցքը ձգվում է ավելի քան 7000 կիլոմետր՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Իրանի և Հնդկաստանի նավահանգիստներ։
«Այս տարի աճի հիմնական շարժիչ ուժերը եղել են Անդրկասպյան և արևմտյան երթուղիները՝ Ադրբեջանի և Իրանի տարածքով, որտեղ փոխադրումների ծավալները համապատասխանաբար աճել են 19%-ով և 24%-ով։ Բելառուսի և Աֆղանստանի միջև տարանցիկ բեռնափոխադրումները նույնպես զգալի ներդրում են ունեցել։ Մենք ներկայումս աշխատում ենք ռուս մանրածախ առևտրականների համար՝ Թուրքիայից և Ադրբեջանից մրգերի և բանջարեղենի Վրաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհով տեղափոխման տարբերակների վրա», – հայտարարել է Միխայլովը։