Այսօր առավոտյան «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել։ Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
«Այսօր ևս 10 անդամի տներում խուզարկություններ են եղել, ձերբակալվածներ կան։ Նրանց տարել են Երևան։ Իրենց (խոսքը ՀՀ իշխանությունների մասին է. խմբ.) գործելաոճն է։ Այս մի քանի օրը պետք է այդպես անեն, քանի որ պարտությունից վախեցած են։ «Ուժեղ հայաստանցիներս» կոտրվող չենք մեր առաջնորդի պես։ Գնալու ենք մինչև վերջ` ունենալու համար ուժեղ Ստեփանավան»,– ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` այս պահին ավագանու 4 անդամ կա, որ ձերբակալված է, 2-ն էլ տնային կալանքի մեջ են։ Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց` ցանկացած սցենարի պատրաստ են։
Հիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը)։