Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 պատգամավոր համատեղ հայտարարությամբ անդրադարձել է արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին՝ կարևորելով պետական ինստիտուտների պահպանումը, պետական միջոցների տնօրինման հարցերում իրավական հստակության հաստատումը:
Կարևորվել են նաև արցախահայության սոցիալական խնդիրների համակարգված լուծումը։
«Ողջունում ենք այն հանգամանքը, որ հանրային և քաղաքական տարբեր շրջանակներում առավել հստակ է գիտակցվում Արցախի պետական ինստիտուտների պահպանման կենսական նշանակությունը, ինչպես նաև 2023-ի հոկտեմբերից հետո արցախահայության բազմաթիվ սոցիալական խնդիրներին համակարգված լուծումներ գտնելը, մասնավորապես` մի շարք պետական ֆոնդերի հաշիվների սառեցման և այդ միջոցների հետագա տնօրինման հարցերի հրատապությունը։ Համոզված ենք` նման աշխատանքները կարող են նպաստել արցախահայության խնդիրների լուծմանը։ Այս գործընթացները պետք է իրականացվեն իրավական հստակության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցությունը մշտապես կարևորել է այս խնդիրների համակարգված լուծմանն ուղղված աշխատանքները։ Ամիսներ առաջ խմբակցությունը ողջունել էր համապատասխան հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը և հայտնել դրա աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն։ Ցավոք, մեզանից անկախ հանգամանքներով պայմանավորված, նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չկոչվեց։
Ներկայումս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ իրականացնում են խորհրդակցություններ՝ ստեղծված իրավիճակից բխող լուծումների, պետական ինստիտուտների հետագա գործունեության կազմակերպման և անհրաժեշտ քայլերի շուրջ միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով։
Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու այս հարցերի շուրջ առավել լայն ձևաչափով կառուցողական քննարկումներին, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծման, դրա գործունեության կազմակերպման և պետական միջոցների տնօրինման ու արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների մշակման գործընթացներին։ Այս աշխատանքներում կարևորում ենք ներառական, մասնագիտական և թափանցիկ համագործակցությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, մասնագետների, հանրային շրջանակների և բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ։ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, պետական միջոցների իրավաչափ տնօրինումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են, որոնք պահանջում են պատասխանատու երկխոսություն, համատեղ աշխատանք և հետևողական քայլեր»,-ասվում է հայտարարության մեջ:
Այն ստորագրել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Գալստյանը, Մետաքսե Հակոբյանը, Միքայել Սողոմոնյանը, Նելլի Գրիգորյանը, Իլյիչ Բաղրյանը:
Նշվում է, որ հայտարարությունը բաց է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և բոլոր շահագրգիռ անձանց միանալու համար։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։