Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 1-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ միջին ծանրության. ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է հայտնել Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարից տուժածների վերաբերյալ


ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել», – նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 09:00-ի սահմաններում, «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 11 մարդ հոսպիտալացվել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։


Leave a comment