Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները՝ վերացնելով նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները:
Հերթական սթափության կոչն անենք այս երկու խոտորյալ կարգալույծներին։
Ստեփա՛ն, ազատի՛ր Հովհաննավանքը, դադարեցրո՛ւ եկեղեցու նկատմամբ ապօրինի տիրապետումը և վերադարձրո՛ւ Մայր Աթոռին պատկանող՝ քո կողմից պահվող գույքը։
Արամայի՛ս, ազատի՛ր Ներքին Բազմաբերդի եկեղեցին, դադարեցրո՛ւ եկեղեցու նկատմամբ ապօրինի տիրապետումը և վերադարձրո՛ւ Մայր Աթոռին պատկանող՝ քո կողմից պահվող գույքը։
Դուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներ։
Ձեր շարունակական անհնազանդությունն ու եկեղեցական կարգի դեմ ըմբոստությունը վաղուց արդեն կանոնական ամենախիստ գնահատականի արժանի են։ Այն, որ Մայր Եկեղեցին մինչ այժմ ձեզ նզովքի չի ենթարկել, ընդունե՛ք որպես ապաշխարության հնարավորություն և եկեղեցական իշխանության ցուցաբերած ներողամտություն։
Գոնե հիմա զղջացե՛ք ձեր ապստամբության, ըմբոստության, անօրենության, հազարավոր մարդկանց գայթակղեցնելու և ոմանց մոլորեցնելով՝ ձեր կողմից կատարված կեղծ խորհրդակատարությունների՝ «Պատարագների» և «մկրտությունների» մեջ ներքաշելու համար։
Դեռ երկար ժամանակ կպահանջվի ձեր սերմանած հոգևոր ավերածության, վանդալիզմի, պառակտման հետևանքները վերացնելու համար։
Մի՛ ծանրացրեք առանց այն էլ ծանր ձեր հոգևոր վիճակը։
Սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․․․
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: