«Բեյջի թելից գումար թռցնողների թիմակիցները թող պարզեն COP17-ի ծախսերի չարաշահումները»․ Տիգրան Աբրահամյան

«Լավ կլիներ, որ նույն այդ իշխանության ներկայացուցիչները, որոնք ոգևորվել են, գնան ու պարզեն՝ COP17-ում 30 միլիոն դոլարից ավել տեղ գտած ծախսերի մասով ի՞նչ չարաշահումներ կան»,-Ստեփանավանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, թե ընտրակաշառք են բաժանում Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, իրենց թիմակիցների ձերբակալություններին։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին:

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ «բեյջի թելից գումար թռցնողների թիմակիցները» չպետք է գան ու ընդհանրապես նման մեկնաբանություններ անեն իրենց քաղաքական ուժի հասցեին։ Այնուհետև հորդորեց․ «Թող գնան և պարզեն, թե իրենց իշխանության օրոք ինչպիսի չարաշահումներ են եղել նույն COP17-ում և մյուս տեղերում»։

Հարցին՝ կիրակի օրը Ստեփանավանում կայանալիք ընտրությունների հետ կապված ի՞նչ տրամադրություններ կան ստեփանավանցիների շրջանում, արդյոք կալանավորումները կարո՞ղ են ճնշել, վախի մթնոլորտ ստեղծել, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Մեր շտաբը մարդաշատ է, ընդհանուր տրամադրությունը հաղթական է, կարելի է ասել՝ մարտական, և մենք պատրաստվում ենք կիրակի Ստեփանավանում տոնել հաղթանակ։ Այո, փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment