Ստեղծվում է անձի ազատության իրավունքի հաշվարկման անհասկանալի սկզբունք  

Տևական ժամանակ է՝ դատարաններում բարձրացնում էի դատական քննության ընթացքում կալանք խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելիս եռամսյա ժամկետի հաշվարկման սկզբի խնդիրը, որով դատարանները դատական պրակտիկայում որպես ելակետ հիմք են ընդունում ոչ թե դատարանի կողմից խափանման միջոցի փոփոխության օրը, այլ դրանից անորոշ ժամանակահատված հետո, դատական ակտը ստանալուց հետո ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցների կողմից համապատասխան էլեկտրոնային վերահսկողության սարքի տեղադրման օրը։ Այդ հաշվարկի պատճառաբանությունն այն է, որ պետությունը պետք է հաշվարկն իրականացնի իր տրամադրության տակ ունենալով անձի վարքագիծը վերահսկելու հնարավորություն՝ մի կողմ թողնելով այն, որ այդ ժամանակահատվածում անձի ազատությունը փաստացի սահմանափակված է եղել։ Դիցուք, դա գործնականում կարող է տևել օրեր կամ նույնիսկ շաբաթներ, որպիսի փաստացի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը, ըստ այդ մեկնաբանության, չպետք է հաշվարկվի անձին անազատության մեջ պահելու եռամսյա ժամկետի մեջ։

Նշված մոտեցումը կարծում եմ անընդունելի է ոչ միայն այն պատճառով, որ ստեղծում է անձի ազատության իրավունքի հաշվարկման անհասկանալի սկզբունք, այլ նաև հիմնավորմամբ, որ՝

  1. Այն գործադիր իշխանության մարմնին է վերապահում այն հարցի լուծումը, թե որքան ժամանակով է անձը գտնվելու փաստացի անազատության մեջ, մինչդեռ ՀՀ օրենսդրության ուժով այդ հարցի լուծումը վերապահված է բացառապես դատարանին։
  2. Այն ազատության սահմանափակման ժամկետի սկիզբը դարձնում է անորոշ և «լողացող»՝ կախված փոստային և պրոբացիոն ծառայության կազմակերպչական հնարավորություններից, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և չի բավարարում ազատության սահմանափակման՝ «կանխատեսելի լինելու» պահանջին։
  3. Այն պետական մարմնի կազմակերպչական թերացումների, այն է՝ դիցուք էլեկտրոնային հսկողության միջոցի սարքն ուշ տեղադրելու բացասական հետևանքները փոխանցում է մեղադրյալին, մինչդեռ պետությանը վերագրելի հապաղումը երբեք չի կարող վատթարացնել անձի իրավական վիճակը։
  4. Այն ստեղծում է օրենքով սահմանված առավելագույն ժամկետները շրջանցելու de facto մեխանիզմ, քանի որ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը հետաձգելու միջոցով յուրաքանչյուր դեպքում հնարավոր կլինի համապատասխանաբար երկարաձգել ազատության սահմանափակման իրական տևողությունը։
  5. ՀՀ օրենսդրությամբ ըստ էության բացակայում է հատուկ կարգավորում առ այն, որ տնային կալանքի ժամկետը պետք է հաշվարկել էլեկտրոնային վերահսկողության սարքի տեղադրման պահից՝ անկախ այն հանգամանքից, որ դատական նիստերի դահլիճից անձն ազատ է արձակվել և ուղեկցվել տուն՝ տնային կալանք կրելու։

Երեկ ստացել եմ նշված խնդրով և անձի ազատության իրավունքի խախտման այլ հիմնավորումներով ներկայացված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2026 թ. հոկտեմբերի 9-ի որոշումը։ Լիահույս եմ, որ նշված խնդիրը կլուծվի Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման շրջանակներում՝ ազատության իրավունքի խախտման հետևանքների արձանագրմամբ։

Առնոլդ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment