Օրերս Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, լրագրող և բնախույզ Սուրեն Հայրապետյանի լուսանկարների ցուցահանդեսի բացումն ու ստեղծագործական հանդիպումը։ Միջոցառումը կազմակերպվել էր COP17-ի շրջանակում և միավորել էր գրականության, բնության, լրագրության ու մշակույթի հանդեպ հետաքրքրություն ունեցող մարդկանց։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Սուրեն Հայրապետյանի՝ վերջին շրջանում արված լուսանկարները, որոնք բնությունը ներկայացնում են ոչ միայն որպես տեսարժան միջավայր, այլև որպես կենդանի աշխարհ՝ իր մանրագույն ու հաճախ աննկատ բնակիչներով, բնության ձայներով, շարժումով և փոխհարաբերություններով։
Միջոցառման ընթացքում ներկաները խոսեցին Սուրեն Հայրապետյանի ստեղծագործական ճանապարհի, նրա գրական ժառանգության և հատկապես բնության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի մասին։
Հանդիպման ընթացքում հնչեցին նաև հատվածներ նրա նովելներից ու պատմվածքներից։ Գրական ստեղծագործությունների ընթերցումը հնարավորություն տվեց ներկաներին մեկ այլ տեսանկյունից անդրադառնալ հեղինակի աշխարհին, որտեղ բնությունն ու մարդը հաճախ ներկայացվում են փոխկապակցված՝ մեկը մյուսի գոյությունն ու արժեքը լրացնող։
Բնասեր, գրող Սերժ Մանուկյանը, անդրադառնալով Սուրեն Հայրապետյանի ստեղծագործական առանձնահատկություններին, ընդգծեց նրա՝ բնության ամենափոքր դետալները նկատելու կարողությունը։
«Սուրեն Հայրապետյանը միշտ ինձ զարմացրել է և շարունակում է զարմացնել, քանի որ նա նկատում է բնության այն փոքր էակներին՝ բզեզներին, մրջյուններին, նրանց կյանքը, շարժը և դա կարողանում է գեղարվեստորեն ներկայացնել ընթերցողին։ Դա մենաշնորհ է և ամեն մարդու տրված չէ»,- նշել է Սերժ Մանուկյանը հանդիպման ընթացքում։
Միջոցառման գրական և մշակութային մթնոլորտը լրացվեց նաև երաժշտական կատարումով։ Գրող, երգիչ և երգահան Արսեն Համբարյանը կատարեց «Գարունդ հայերեն է գալիս» երգը՝ երաժշտական շնչով ամբողջացնելով հանդիպման տրամադրությունը։
Հյուրերի ելույթներում առանձնահատուկ տեղ ունեին նաև հիշողությունները։ Գրչընկերներն ու ներկաները պատմում էին Սուրեն Հայրապետյանի հետ տարիների ընթացքում ունեցած հանդիպումների, նրա մարդկային կերպարի, գրական աշխատանքի և բնության հանդեպ վերաբերմունքի մասին։ Յուրաքանչյուր պատմություն յուրովի լրացնում էր նրա ստեղծագործական դիմանկարը՝ ձևավորելով ոչ միայն գրողի, այլև իր շրջապատում հետք թողած մարդու ամբողջական կերպարը։
Հանդիպման խորհրդանիշը կապտաթիթեռն էր՝ բնության նրբության, փխրունության և միաժամանակ կենսունակության խորհրդանշական կերպարը։ Այն իր խորհրդով համահունչ էր միջոցառման հիմնական գաղափարին՝ ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել բնության այն փոքր ու երբեմն անտեսանելի աշխարհների վրա, որոնք, սակայն, մեծ նշանակություն ունեն ամբողջական էկոհամակարգի համար։
Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հարկի տակ այդ օրը միահյուսվել էին լուսանկարը, գրականությունը, հիշողությունն ու բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը։ Ցուցահանդեսը և հանդիպումը դարձան ոչ միայն ստեղծագործական ժառանգությունը ներկայացնելու, այլև այն մարդկանց մեկտեղելու առիթ, որոնց համար բնությունը դիտելու, ճանաչելու և պահպանելու մշակույթը շարունակում է մնալ կարևոր արժեք։
Միջոցառումն ավարտվեց ջերմ շնորհավորանքներով ու շնորհակալական խոսքերով, իսկ հանդիպման ընթացքում հնչած հիշողություններն ու ընթերցված ստեղծագործությունները ևս մեկ անգամ ընդգծեցին գրականության կարևոր դերակատարությունը՝ պահպանելու ոչ միայն պատմությունները, այլև մարդու ու բնության միջև եղած կապը։
Ստելա Ասրյան
«Առավոտ» օրաթերթ
22.10.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: