Յոթ ձայն կամ արտահերթ ընտրություններ. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությունը պետք է դիտարկել սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանության քաղաքական հաշվարկների համատեքստում։

Իշխանությունը պատրաստվում է հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը, կազմակերպել հանրային քննարկումներ և այն ներկայացնել Ազգային ժողով։ Խոսքը, մասնավորապես, Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու մասին է, ինչը, իմ համոզմամբ, Ադրբեջանի առջև ստանձնած պարտավորության հետևանք է։

Այս իրավիճակում հնարավոր է երկու սցենար.

Առաջին՝ ճնշում խորհրդարանական ընդդիմության նկատմամբ։ Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու համար իշխանությանը պակասում է յոթ ձայն։ Փաշինյանն, ըստ էության, զգուշացնում է ընդդիմադիր պատգամավորներին, որ այդ ձայները չտրամադրելու դեպքում կարող են լինել արտահերթ ընտրություններ, և նրանք կարող են կորցնել իրենց մանդատները։ Չնայած ընդդիմադիր ուժերի հայտարարություններին՝ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վճռորոշ պահին իրենց շարքերում չեն գտնվի յոթ պատգամավորներ, որոնք կաջակցեն իշխանության նախաձեռնությանը։

Երկրորդ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եթե առաջին սցենարը չաշխատի, իշխանությունն իսկապես կարող է գնալ ընտրությունների։ Այս տեսանկյունից պետք է դիտարկել նաև ՏԻՄ-երում տեղի ունեցող գործընթացները: ՔՊ-ն փորձում է իր ձեռքում կենտրոնացնել վարչական լծակները՝ ձևավորելով համակարգ, որը կաշխատի թե՛ հնարավոր արտահերթ ընտրությունների, թե՛ սահմանադրական հանրաքվեի ժամանակ։

Երբ գործը հասնի արտահերթ ընտրությունների, իշխանության քարոզարշավը կկառուցվի խաղաղության, եվրոպական ինտեգրման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ, իսկ ընդդիմախոսներին կփորձեն ներկայացնել որպես խաղաղության և պետականության հարատևության հակառակորդներ։

Միաժամանակ սա ուղերձ է Ադրբեջանին․ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ սահմանադրական փոփոխություններն իրականացնելու համար պատրաստ է գնալ անգամ արտահերթ ընտրությունների։

Ես արդեն դիմել եմ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահին՝ պահանջելով հրավիրել խորհրդի նիստ և ներկայացնել Սահմանադրության նախագիծը։ Մինչ օրս նախագիծը հանրությանը չի ներկայացվել, և անհրաժեշտ է պարզել, թե աշխատանքներն ինչ փուլում են։

Այսպիսով, արտահերթ ընտրություններն անխուսափելի չեն։ Նախ իշխանությունը կփորձի խորհրդարանում ստանալ իրեն անհրաժեշտ յոթ ընդդիմադիր պատգամավորի ձայնը, իսկ եթե դա չհաջողվի, կանցնի երկրորդ սցենարի իրականացմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment