Կառավարությունից այդպես էլ չեն պատասխանել գերիների հարցերով գրություններին, թեև սահմանված ժամկետն ավարտվել է. Սիրանուշ Սահակյան. News.am

NEWS.am-ի հարցազրույցը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ:

– Տիկին Սահակյան, Դուք և Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, օգոստոսին հանդիպում էիք ունեցել ՀՀ արտգործնախարարությունում, և մեզ հետ հարցազրույցում նշել էինք, որ բարձրացրել ենք գերիների պահման պայմաններին վերաբերող մի շարք մարդասիրական հարցեր, այդ թվում՝ Բաքու կանանց միջազգային մարդասիրական առաքելության նախաձեռնությանն աջակցելու հարցը: Արդյո՞ք ձեզ պատասխան տրվել է, և եթե այո, ապա ի՞նչ կարող եք բացահայտել:

-Այո, օգոստոսի 17-ին ես Վերոնիկա Զոնաբենդը հանդիպում ունեցել ենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակը։

Մենք ներկայացրել էինք գերիների պահման պայմաններին, հումանիտար այլ խնդիրների վերաբերյալ տեղեկություններ, նաև տիկին Զոնաբենդի՝ մարդասիրական առաքելության նպատակների ու աջակցության հնարավորության մասին հարցերը, այնուհետև նաև գրավոր հարցում էինք ուղարկել երկու գերատեսչություններին՝ պաշտոնական պատասխան ստանալու ակնկալիքով:

Ցավոք, չեմ կարող ձեզ ոչինչ ասել, քանի որ օրենքով պատասխանի համար սահմանված ժամկետներն ավարտվել են, բայց ոչ մի պատասխան մեզ չի տրվել, չնայած հանդիպման մասնակիցների այն հավաստիացումներին, որ հարցը իրենց համար առաջնային է և օրակարգային:

Մի բան պետք է հստակ արձանագրենք, որ մարդասիրական հարցերում չպետք է հապաղել: Բաքվում գտնվող հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ են, վերջին անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները նրանց այցելել են գրեթե մեկ տարի առաջ՝ անցած տարվա դեկտեմբերին: Հարազատներից ստացվող տեղեկությունները անհանգստացնող են: Չեմ կարծում, որ հարցը լռության մատնելը ամենաարդյունավետ եղանակն է այս իրավիճակում:

Բացի այդ, կարծում եմ նաև հարգալից պետք է լինել գերիների ընտանիքների հետ: Քանի դեռ իրենց հարազատներն ապօրինի պահվում են ադրբեջանական բանտում՝ գերիների ընտանիքներն իրավունք ունեն նրանց ազատ արձակման համար արդյունավետ քայլեր ձեռնարկելու պահանջ ներկայացնել: Պետության պոզիտիվ իրավունքն է պաշտպանել իր քաղաքացիներին, իսկ կառավարությունը պարտավոր է ոչ միայն պատասխանել գերիների հարազատների նամակներին, այլ հենց ինքը նախաձեռնել այդ հանդիպումները:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment