Քաղաքականություն
23.10.2026 | 10:55
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են էներգետիկ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը և Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը։ Ապիտոնյանը հայտնել է, որ նշանակվել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ հույս հայտնելով, որ դա կարագացնի նախագծի իրականացումը, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը։
ՏԿԵ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության զարգացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը։
Նարեկ Ապիտոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով նշանակվել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, և հույս հայտնել, որ այս նշանակումը նոր թափ կհաղորդի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման գործընթացին, այդ թվում՝ ԱՄՆ համապատասխան ընկերությունների հետ տարվող աշխատանքներին»։