Կկոտրվի Փաշինյանի իշխանության ողնաշարը

Արտահերթ ընտրության հնարավորության մասին Փաշինյանի հայտարարությունը հարցեր է առաջացրել, թե նա արդյո՞ք ունի ավելի խոշոր հաղթանակի շանս, քան հունիսի 7-ին էր, եթե մտադիր է Սահմանադրության հարցում ընդդիմության աջակցությունը չստանալու դեպքում գնալ արտահերթ ընտրության։

Բայց, եթե անգամ Փաշինյանն այդպիսի շանս չունի, իսկ ո՞րն է նրա այլընտրանքը։ Այլընտրանքը Սահմանադրության հանրաքվե չիրականացնելն է, հետեւաբար՝ Ադրբեջանի պայմանը չբավարարելը։ Մինչդեռ մեծ հարց է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ճարտարապետության համար ավելի ռիսկային կարող է լինել արտահերթ ընտրության գնա՞լը, թե՞ Ադրբեջանի պայմանը չկատարելը։ Համենայնդեպս, առաջին տարբերակի ռիսկը թերեւս ավելի մեծ չէ, քան երկրորդինը։ Ու հարցն էլ այն չէ, որ իր պայմանը չկատարելու դեպքում Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա, կամ լարել իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը երեւի թե լավ գիտի, որ Ադրբեջանից այդպիսի ռիսկերն ավելի շատ պայմանավորված կարող են լինել աշխարհաքաղաքական միջավայրում եղած գործոնների այս կամ այն դասավորությամբ։ Առավել եւս, որ խաղաղության պայմանագիրը բոլորովին էլ չի փակում հայ–ադրբեջանական պրոցեսի բոլոր հարցերը, ըստ այդմ Բաքուն միշտ կարող է գտնել «սողանցք»։

Հարցն այն է, որ, եթե Փաշինյանը չի բավարարում պայմանը, ապա խաղաղության պայմանագրի չստորագրված լինելը քանդում է իր ընտրազանգվածին մատուցված կոնստրուկցիան, որի առանցքում հենց խաղաղությունն է ու պայմանագիրը՝ որպես դրա «եզրափակիչ ակորդ» կամ ողնաշար։ Հետեւաբար, Ադրբեջանի պայմանը չկատարելը կոտրում է Նիկոլ Փաշինյանի իշխանական կոնստրուկցիայի ողնաշարը։ Դա է, որ արտահերթ ընտրության ռիսկից պակաս չէ ամենեւին։ Առավել եւս, որ ընտրական գործընթացը Նիկոլ Փաշինյանին կտա նվազագույնը ժամանակային մանեւրի հնարավորություն, ինչի կարիքը նա ունի շատ։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment