Հոկտեմբերի 22-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց հոլանդացի աշխարհահռչակ արվեստագետ Կլաուդի Յոնգստրայի (Claudy Jongstra) «Դանդաղեցումներ․ խորը ժամանակի արվեստը» խորագրով ցուցահանդեսը։
Ցուցադրությունում առաջին անգամ Հայաստանում ներկայացված են հեղինակի 17 ինքնատիպ տեքստիլային ստեղծագործությունները, որոնք առանձնանում են բնական նյութերի կիրառմամբ, ավանդական տեխնոլոգիաների վերարժևորմամբ և բնության ու մարդու փոխկապակցվածության խորը ընկալմամբ։
Բացման խոսքում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորեց ժամանակակից արվեստի այս ձևաչափով հավաքածուի հյուրընկալումը մայր թանգարանում․
«Առաջին անգամ ենք ժամանակակից արվեստի ձևաչափով ներկայացնում նմանատիպ հավաքածու։ Այս արվեստի ստեղծագործությունները հիմնված են ավանդական տեխնոլոգիաների վրա, իսկ Հայաստանի պատմության թանգարանն ունի շատ ներկայացուցչական էթնոգրաֆիկ հավաքածու։
Ցուցահանդեսն անդրադառնում է ժամանակի ընկալման նոր մի հետաքրքիր հայեցակարգի, իսկ ժամանակը կարևոր կատեգորիա է պատմության թանգարանի համար»։
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն իր խոսքում ընդգծեց Կլաուդի Յոնգստրայի աշխատանքների կայունությունն ու բնապահպանական արժեքը․
«Տիկին Յոնգստրայի ստեղծագործությունները ցուցադրված են աշխարհի խոշորագույն թանգարաններում, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոյի և Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանները (MoMA), Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը։ Նրա աշխատանքները ծայրահեղ կայուն են և հարգալից բնության հանդեպ․ նա օգտագործում է միայն բնական նյութեր, հաճախ՝ Դրենթեի հազվագյուտ ցեղատեսակի իր սեփական ոչխարների բուրդը, իսկ ներկերը ստանում է իր այգում աճեցրած բույսերից։ Հայաստանի ժողովրդի համար շատ հեշտ կլինի հաղորդակցվել այս արվեստի հետ, քանի որ դուք նույնպես ունեք բույսերից գույներ ստանալու, բուրդն ու մետաքսը ներկելու և գորգագործության հարուստ ավանդույթներ»։
Ցուցահանդեսի համադրող Նազարեթ Կարոյանն իր խոսքում անդրադարձավ Յոնգստրայի արվեստի փիլիսոփայական շերտերին․
«Քլաուդիան միավորում է արդի և ժամանակակից արվեստի մեծագույն երազանքը՝ արվեստը նույնացնել կյանքին։ Այստեղ չկա աշխատանք, որ ստեղծագործական չլինի, և չկա ստեղծագործություն, որի տակ ամբողջական աշխատանք ընկած չլինի։ Մարդկային կյանքի ժամանակը տարածվում է բուսական և կենդանական գոյությունների ժամանակների մեջ՝ մեզ առերեսելով «խորը ժամանակի» (deep time) հետ, որը մոլորակների և աստղերի ժամանակն է»։
Նազարեթ Կարոյանի խոսքով՝ արագացված ժամանակի մեր դարաշրջանում, որտեղ արագությունը դարձել է կյանքի կազմակերպման հիմնական սկզբունք, Յոնգստրայի արվեստը գործում է հակառակ տրամաբանությամբ։ Բույսերը, կենդանիները, հողը, ջուրը, բուրդը, ներկերն ու մարդկային ձեռքը փոխկապակցված գործընթացի մաս են։ «Դանդաղեցումները» ոչ թե պարզապես արագությանն ընդդիմանալն է, այլ նյութի ժամանակն ընդունելու ստեղծագործական մեթոդ։ Այս տարբեր տևողությունները միասին ձևավորում են «խորը ժամանակը»՝ մարդկային կյանքի, կենդանիների ցիկլերի, բույսերի աճի, հողի, նյութի և մշակութային հիշողության ժամանակավորությունների համագոյակցությունը։
«Առավոտի» հետ զրույցում Կլաուդի Յոնգստրան պատմեց իր ստեղծագործական մեթոդների, բնական նյութերի ընտրության և հայաստանյան ցուցահանդեսից ստացած տպավորությունների մասին․
«Մենք ընտրում ենք միայն այն նյութերը, որոնք գտնվում են մեր անմիջական տարածքում։ Բայց նաև, միգուցե, դրանք անհետացել են, այն բույսերը, որոնք անհետացել են, ուստի մենք վերատնկում ենք դրանք, բերում ենք հետ մեր հողեր, ինչպես նաև մեր համայնքներ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է վերականգնել կապն անցյալի հետ՝ կայուն ապագա ստեղծելու համար։ Եվ սա այն ուղին է, որով մենք միշտ աշխատել ենք։ Դրանք դանդաղ գործընթացներ են, որոնք սերտորեն կապված են տարածքի, հողի, վայրի և մարդկանց հետ»։
Խոսելով ժամանակակից հասարակությանը հղվող գլխավոր ուղերձի մասին՝ արվեստագետն ընդգծեց․
«Ուղերձն այն է, որ մենք պետք է իրոք գիտակցենք այն գանձերը, որոնք ունենք, նույնիսկ երբ ապրում ենք քաղաքում, պարզապես տեսնել այն ամենը, ինչ հասանելի է։ Նույնիսկ երբ աշխատում եք սննդի թափոնների հետ, դուք կարող եք նաև գույներ ստանալ, պարզապես ներկա լինելու և նյութի հետ կապված լինելու գիտակցությունը»։
Անդրադառնալով Հայաստանում իր աշխատանքները ներկայացնելու զգացողություններին՝ Յոնգստրան շեշտեց․
«Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր վայր է ինձ համար, քանի որ այն շատ լավ է արձագանքում ձեր պատմությանը, ձեր ինքնությանը։ Բուրդը շատ կարևոր նյութ է, միշտ էլ եղել է։ Այն ձեր ԴՆԹ-ի մի մասն է եղել և դեռևս այդպես է։ Եվ կարծում եմ, որ կա մի կապ, որովհետև երբեմն դուք աշխատում եք մի երկրում, որտեղ մարդիկ չգիտեն բուրդը, օրինակ՝ Ճապոնիայում բուրդ չկա, այնպես որ դուք ունեք այլ երկխոսություն։ Այնպես որ, սա նման է տուն վերադառնալուն»։
Ցուցադրությունը կազմակերպվել է «COP 17»-ի շրջանակում՝ Հայաստանի պատմության թանգարանի և «ԱՐԷ» մշակութային հիմնադրամի համագործակցությամբ, «Մոնդրիան» հիմնադրամի (Նիդերլանդներ) աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։ «Դանդաղեցումներ․ խորը ժամանակի արվեստը» ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում բաց կլինի մինչև 2027 թվականի հունվարի 10-ը՝ արվեստասերներին հնարավորություն տալով հաղորդակից դառնալու բնության, ժամանակի և մարդկային ձեռքի աշխատանքի անխզելի կապին։
Արգինա Փահլևանյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: