ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել․
«Սիրելի՛ երևանցիներ,
Գիտենք, որ այս պահին Երևանում առկա է փոսերի խնդիր, և դա ձեզ համար անհարմարություն է պատճառում։
Փոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել–հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման և ձյան դեմ կիրառված աղի ազդեցության հետևանքով։ Ջուրը սառչելիս ընդլայնվում է, թուլացնում է ասֆալտի կառուցվածքը, իսկ ծանր երթևեկությունը վերջնականորեն քանդում է այդ հատվածները։
Երևանում այսօրվանից մեկնարկում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը։
Կիրականացվի 200 հազար քմ աշխատանք:
Բոլոր վարչական շրջաններում գործընթացը կկազմակերպվի գիշերային ժամերին՝ հետևյալ կերպ. նախ կիրականացվի երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո նոր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:
Ապրիլ ամսից էլ կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում:
Խնդրում եմ համբերատար լինել։ Աշխատանքները լինելու են ինտենսիվ և հետևողական»։