Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են։ Նա անցած շաբաթավերջին տեղի ունեցած անկարգությունների և թալանի համար մեղադրել է ծայրահեղ ձախակողմյան «խռովարար խմբերին» և «վանդալներին», գրում է NBC News-ը։
Հետախուզական ծառայությունների ղեկավարների և նախարարների հետ հանդիպումից հետո Մակրոնը նշել է, որ արհմիությունների նման խմբերի կազմակերպած ցույցերը թույլատրվելու են, սակայն ձեռնարկությունները պաշտպանելու նպատակով դրանց երթուղիները կարող են փոփոխվել։
«Անցած շաբաթ օրը մենք ականատես եղանք ծայրահեղ ձախակողմյան խմբերի քաղաքական և խռովարար գործողություններին, որոնց նպատակն է տապալել Հանրապետությունը»,- ասել է Մակրոնը։
Այս հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Ֆրանսիայի իշխանությունները նախապատրաստվում էին նոր բողոքի ցույցերին՝ երկրում վերջին տարիների ամենածանր քաղաքային անկարգություններից մի քանիսից հետո։ Երկրի մի շարք քաղաքներում իշխանություններն արդեն արգելել էին հինգշաբթի նախատեսված ցույցերը։
Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում ստեղծված լարված իրավիճակը հանգեցրել է անվտանգության խիստ միջոցառումների։ Ֆրանսիայի մայրաքաղաքի որոշ շրջաններում, ինչպես նաև այլ քաղաքներում, որտեղ իրավիճակն արդեն հանդարտվել է, սահմանվել է գիշերային պարետային ժամ։
Հինգշաբթի Փարիզում, Լիոնում, Լիլում և Գրենոբլում նախատեսված ցույցերն արգելվել են։ Ոմանք այս որոշումը համարում են Ֆրանսիայի քաղաքացիների՝ բողոքի ցույցեր անցկացնելու իրավունքի սահմանափակում։ Այդուհանդերձ, ավագ դպրոցների և համալսարանների ուսանողական խմբերը հայտարարել են, որ շարունակելու են մոբիլիզացիան՝ չնայած այս շաբաթ մեկնարկած աշնանային դպրոցական արձակուրդներին։
Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան հայտարարել է, որ արգելքն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով փողոցային բռնությունների վտանգը։ Փարիզում արգելքը կգործի մինչև տեղական ժամանակով ժամը 20։00-ն։ Այն տարածվելու է այնպիսի վայրերի վրա, ինչպիսիք են Ելիսեյան պալատի, խորհրդարանի երկու պալատների և քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանների տարածքները։ Արգելքի տարածվում է նաև Փարիզի կենտրոնական այն շրջանների վրա, որոնք լուրջ վնասներ են կրել թալանի հետևանքով։
Հինգշաբթի նախատեսված բողոքի ցույցերը դիտարկվում էին որպես շաբաթ օրը կայանալիք խոշոր ցույցի նախերգանք, միանալու էին «Դեղին բաճկոններ» շարժման ակտիվիստները, որոնց բողոքի ցույցերը վառելիքի գների դեմ 2018 և 2019 թվականներին ցնցել էին Ֆրանսիան։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ այդ բողոքի միջոցառումներից մի քանիսը, այդ թվում՝ Լիոնում նախատեսված երթերը, նույնպես կարգելվեն։
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն, որը չորեքշաբթի հանդիպել էր արհմիությունների ներկայացուցիչների հետ, հայտարարել է, որ շաբաթ օրը նախատեսվում է անվտանգության ապահովման «լայնածավալ» գործողություն՝ թույլ չտալու համար անկարգություններ հրահրած փոքր խմբերի կողմից բռնությունների կրկնությունը, որոնք բացահայտել էին անվտանգության միջոցառումների թերությունները։ Արհմիությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Լըկորնյուի հետ հանդիպման ընթացքում կոնկրետ առաջարկներ չեն ներկայացվել։ Այժմ նրանք կենտրոնացած են նոյեմբերի 5-ին նախատեսված բողոքի և գործադուլի հերթական խոշոր օրվա վրա՝ կոչ անելով դրան միանալ մասնավոր և պետական հատվածների աշխատակիցներին։
Բողոքի ցույցերն առաջին անգամ սկսվել էին անցյալ ամիս՝ Փարիզից հարավ-արևելք գտնվող Կրետեյ քաղաքի ավագ դպրոցներից մեկում՝ անձնակազմի պակասի պատճառով։ Այնուհետև դասադուլները, շրջափակումներն ու ցույցերը տարածվել էին Փարիզի մյուս արվարձաններում, ապա՝ ամբողջ երկրում, այդ թվում՝ փոքր քաղաքներում։
Ավագ դպրոցների աշակերտները բարձրաձայնել են դպրոցների անբավարար ֆինանսավորման, մաշված շենքերի և աշխատակազմի պակասի վերաբերյալ մտահոգությունները, հատկապես ցածր եկամուտ ունեցող թաղամասերում։ Ոմանք նաև պահանջել են բարեփոխել համալսարաններ ընդունվելու համակարգը, որը շատերի կարծիքով բարդ և անարդար է։Քանի որ կառավարությունը չի կարողացել բավարարել աշակերտների պահանջները, դպրոցական ցույցերն ու շրջափակումները վերածվել են կենսապահովման ծախսերի կտրուկ աճի դեմ ուղղված ավելի լայն բողոքի շարժման։ Այս ամենը տեղի է ունենում հաջորդ տարվա նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ, որոնց արդյունքում պետք է ընտրվի Մակրոնի իրավահաջորդը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի