«Էդ ո՞նց է, որ Ադրբեջանում իսկապես մոլորված անձին 15 տարի դատում են, իսկ դրանց մոլորված մարդուն մենք մի օրվա մեջ հանձնում ենք իրենց». Անաստաս Իսրաելյանը՝ Բաքվում դատապարտված իր եղբոր մասին

«Է՜դ հովիվի հետ կապված էլի հարցեր են առաջանում։ Ո՞նց կարելի է սահմանը հատած մարդու մասին մեկ-երկու օրվա մեջ ճշտել՝ ինչ իրավիճակում է հատել սահմանը ու միանգամից հետ վերադարձնել։ Սահման հատողն արդեն մեր երկրի օրենքներն ու սահմանադրությունը խախտող մարդ է։ Ժամանակ է պահանջվում բազմաթիվ հարցեր ճշտելու, իսկապես հասկանալու»,- ասաց արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրաելյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով այս անգամ Տավուշի մարզում Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվին այսօր արդեն Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ տարածված տեղեկատվության մասին։

«Մոլորված լինելու անվան տակ երկրի սահման հատելը և մի օրվա մեջ հետ վերադարձնելը ևս կասկածանքի տեղիք է տալիս։ Հիմա հարց եմ տալիս. Էդ Ադրբեջանի մարդիկ միայն Հայաստանի սահմանին ե՞ն մոլորվում, միայն այս կողմի վրա՞ է մոլորվելը։ Այդ հովվի ոչխարն ուրիշ տեղ, ինքը՝ ուրիշ տեղ է մոլորվել։ Էդ ի՞նչ էր ման գալիս այստեղ։ Մոլորվել է, որ ի՞նչ։ Մեկն ասում է՝ մոլորվել է, մեկն ասում է՝ հանձնվել է, մեկն ասում է՝ դեռ հանգամանքները չեն պարզվել։ Ու միանգամից հետ են տալիս Ադրբեջանին։

Կրկին անդրադառնամ Ադրբեջանում 15 տարի դատապարտված իմ եղբոր հարցին, որն իսկապես մոլորվել և հայտնվել է դրանց ձեռքում։ Այդ ո՞նց է, որ Ադրբեջանի պարագայում մոլորված անձին տանում, 15 տարի դատում են, իսկ դրանց մոլորված մարդուն մենք մի օրվա մեջ հանձնում ենք իրենց, կամ էլ, չպարզելով հանգամանքները, արդարացնում ենք դրանց մոլորվելը։

Հիմա «մոլորվելը» նոր թեզ է՞։ Կարո՞ղ է արդեն հարյուրներով, հազարներով այստեղ մոլորվեն։ Դրանցից քանիսի՞ն կհաջողվի իրենց գործողություններն իրականացնել, իսկ ում էլ հայտնաբերեն, կասեն՝ մոլորվել է։

Բա եթե 150 հազար արցախցիներս «մոլորվել ենք» ձևակերպումով հետ վերադառնանք, տիրություն անենք մեր մայր հողին, հայկական Արցախը վերականգնենք, անունն էլ դնենք՝ մոլորվել ենք, կընդունվի՞ նրանց կողմից»,- ասաց Անաստաս Իսրաելյանը։

Բանախոսը դիմեց հանրությանը՝ նշելով, որ այս տեսակ, այս կարգավիճակով խաղաղություն չի լինում։ «Ու դա ժամանակի ընթացքում կզգաք, երբ արդեն վտանգ ներկայացնեն սահմանամերձ գյուղերին ու ժողովրդին»,- զգուշացրեց Անաստաս Իսրաելյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment