Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը կհրապարակվի վաղը․ Կոչումբաև

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր ավարտեց Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը երկուական ամսով երկարացնելու դատախազության միջնորդության քննարկումը։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ 10։00-ին․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչումբաևը։

Հիշեցնենք՝ դատախազությունը միջնորդել էր երկուական ամսով երկարացնել Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը։

«Նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայություն, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որ դատարանի որոշումը հաղթահարված է։ Այսինքն՝ դատարանը հերքել էր Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից յոթից հինգով, ինչը նշանակում է, որ դրանով պետք է բերվեին ամրապնդվող տվյալներ, բայց չեն բերվել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ մեղադրողը դատարանում հայտարարել է՝ հավելյալ տվյալներ չունեն, ներկայացնել չեն կարող։

«Ինչ վերաբերում է մյուս դրվագին, որը փողերի լվացմանն է վերաբերում, դա էլ իրավական առումով և համակարգային խնդիր ունի այն տեսանկյունից, որ միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից, ներպետական իրավունքի տեսանկյունից փողերի լվացումը առանց նախնական հանցանքի չի կարող դրսևորվել։ Այսինքն՝ պետք է լինի նախնական պրեդիկատ հանցագործություն, որով ձեռք բերվի գույք, որը փողերի լվացման հանցակազմի միջոցով ենթարկվի լեգալիզացիայի։ Այս առումով մենք ևս խնդիրներ տեսնում ենք։ Եվ նաև կարևոր խնդիր է, որ միջնորդությունը քննարկվում է խոչընդոտի համատեքստում, ինչը ևս, ըստ էության, չի կարող պատշաճ հիմնավորում լինել, որովհետև վերաբերյալ իրադարձությունները եղել են 2001-2009 թվականներին, և օբյեկտիվորեն խոսել խոչընդոտի հավանականության մասին, նամանավանդ երբ մեղսագրված արարքներից բխում է՝ հիմնական փաստաթղթեր, գործարքներն են վեճի առարկա դարձվում, կարծում եմ՝ դա էլ իրատեսական չի»,- մանրամասնեց փաստաբանը։

«Եթե մենք նայենք միջնորդությանը, դրա քննարկմանը, կողմերի փաստարկներին և փաստարկների հիմնավորվածությանը, տրամաբանությունը հուշում է, որ պետք է ունենանք միջնորդության մերժում։ Բայց շատ լավ հասկանալով այս գործի շուրջ ստեղծված տեղեկատվական աղմուկը, որոշ գնահատականներ, ըստ որի՝ ապօրինի, նաև քաղաքական կոնտեքստ ունեցող գործ է, կարծում եմ, որ այս հարցի հասցեատերը ես չեմ»,- ասաց փաստաբանը՝ պատասխանելով դատարանի որոշման ակնկալիքների մասով հարցին։

Ինչ վերաբերում է հանրային մեղադրողի կողմից կալանքի երկարացման մասով ներկայացված հիմնավորումներին, փաստաբանն ասաց․ «Նախորդ հանգամանքները չեն եղել բավարար հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար, բայց նոր հիմքեր չեն բերվել։ Բերվել են ցուցմունքների միայն այդպես վերացական առաջին էջեր, որ ինչ-որ անձինք հարցաքննվել են, բայց բովանդակային առումով, որ դատարանի հերքած տվյալները հաղթահարվեն, մենք չունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment