Գյումրու պատմական կենտրոնում գտնվող «Վառեմ-մարեմի» շենքը, որը սկսել էր վերանորոգել Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, կառավարությունն այլևս չի թույլատրում շարունակել շինաշխատանքները։
Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը բազմիցս բարձրաձայնել է, որ կառավարությունը խոչընդոտում է բարերարին վերանորոգել շենքը, և սա այն դեպքում, երբ նա զրո դրամ շահույթ պիտի ստանա, պիտի վերանորոգի ու ամբողջությամբ հանձնի քաղաքին՝ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանն այնտեղ տեղափոխելու համար։
Aravot.am-ը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից կարծիք հարցրեց ստեղծված իրավիճակի մասին։
«Մի քիչ տարօրինակ է, որովհետև քաղաքում կան այլ շենքեր, որոնք կարիք ունեն վերակառուցման։ Կարծում եմ, որ պետությունը կարող է վերակառուցել այդ շենքերը, կարծում եմ՝ տասնյակ շենքեր կան Գյումրիի հին, պատմական կենտրոնում, որոնք կարիք ունեն վերակառուցման։
Թող կառուցեն, մենք ուրախ ենք, թող չնայեն՝ ինչ-որ մեկը լավ բան է անում, դրանից չնեղվեն, ընդհանուր հայրենիքի համար է լավ բանը»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: