Անդրադարձ է կատարվել «Կանաչ մաքսատուն» գաղափարին

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է իրազեկման աշխատանքները ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ ներկայացնելով բնության պահպանությանն ուղղված իր գործունեությունն ու նախաձեռնությունները։

Այսօր Կոմիտեի տաղավարում ՊԵԿ ուսումնական կենտրոնի ներկայացուցիչներն էին։ Կենտրոնի մասնագետներն այցելուների հետ զրուցել են կենսաբազմազանության պահպանության գործում կրթության և մասնագետների կարողությունների զարգացման կարևորության, ինչպես նաև կանաչ մտածելակերպի ձևավորման շուրջ։

Շրջակա միջավայրի պահպանության և կանաչ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են մասնագետներ, որոնք լիարժեք տիրապետում են բնապահպանական պահանջներին և կարողանում են գործել հանուն բնության։ Այս համատեքստում կարևոր ներդրում ունի ՊԵԿ ուսումնական կենտրոնը՝ նպաստելով մաքսային և հարկային ծառայողների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացմանը՝ հօգուտ բնապահպանական պատասխանատվության բարձրացման։

Օրվա ընթացքում անդրադարձ է կատարվել «Կանաչ մաքսատուն» գաղափարին, մաքսային ծառայողների մասնագիտական պատրաստվածության դերին՝ վայրի կենդանիների և բույսերի ապօրինի առևտրի, վտանգավոր թափոնների և սահմանափակման ենթակա նյութերի անօրինական տեղափոխման կանխարգելման համատեքստում։ Ներկայացվել են նաև մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանության աջակցման ուղղությամբ նախատեսվող կրթական քայլերը։

COP17-ի շրջանակում ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից պատրաստվել է նաև «Կանաչ փաստաթուղթ», որի միջոցով ներկայացվել է համաժողովի նշանակությունը, «Կանաչ մաքսատուն» գաղափարը, Կենտրոնի դերակատարումն ու յուրաքանչյուր քաղաքացու հնարավոր ներդրումը բնության պահպանության գործում։

Քննարկված թեմաների շուրջ բանախոսները զրուցել են նաև «Արմենպրես» լրատվական գործակալության տաղավարում և այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով բնապահպանական խնդիրների կանխարգելման գործում մաքսային ծառայողների մասնագիտական պատրաստվածության նշանակությունն ու կարևորությունը, կենսաբազմազանության պահպանությանն ուղղված կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները։ Միաժամանակ, անդրադարձ է կատարվել նաև դասընթացների շարունակական թվայնացմանը, որը նպաստում է թղթի և այլ ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը։ Ընդգծվել է COP17-ի շրջանակում միջազգային համագործակցությունն ամրապնդելու և բնության ապօրինի առևտրի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու կարևորությունը։

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment