Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին

Քաղաքականություն

22.10.2026 | 18:19

Եմենի հութիները հայտարարել են, որ մի շարք հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ՝ Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածության շարունակական աճի ֆոնին, գրում է Al Jazeera-ն։

Հաղորդվում է, որ թիրախավորվել են Էր Ռիադում գտնվող Պաշտպանության նախարարության շենքը, Յանբու քաղաքում՝ Saudi Aramco-ի օբյեկտները, Աբհայի միջազգային օդանավակայանը և Դամամի Ֆահդ թագավորի միջազգային օդանավակայանը։

Սաուդյան Արաբիայի իշխանությունների տվյալներով՝ Դամամի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիի խոսքով՝ հարձակումներն իրականացվել են վերջին 48 ժամվա ընթացքում։

Միաժամանակ, Կատարն ու ԱՄԷ-ն  առանձին հայտարարություններ են տարածել չորեքշաբթի Եմենի հութիների խմբավորման կողմից Սաուդյան Արաբիայի Ֆահդ թագավորի միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակման վերաբերյալ։

Կատարի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Դոհան «այն համարում է Սաուդյան Արաբիայի ինքնիշխանության կոպիտ խախտում և ուղղակի սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը, քաղաքացիական բնակչության անվտանգությանը, քաղաքացիական օբյեկտներին և օդային նավագնացությանը»։

Միևնույն ժամանակ, ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը «Սաուդյան Արաբիայի Թագավորության ինքնիշխանության բացահայտ խախտում է և սպառնալիք նրա անվտանգությանը և կայունությանը»։

Երկու երկրներն էլ վերահաստատել են իրենց «լիակատար համերաշխությունը» Սաուդյան Արաբիայի հետ և աջակցություն հայտնել թագավորության անվտանգությունն ապահովելուն ուղղված բոլոր միջոցառումներին։ Չորեքշաբթի օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment