ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է «Կինոդարան» հարթակի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են հայկական ֆիլմերի, սերիալների և անիմացիոն նախագծերի զարգացման, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակութային բովանդակության ստեղծման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև «Վալդակար» մանկական անիմացիոն նախագծին, որի նպատակն է երեխաներին ծանոթացնել հայ արվեստի և մշակույթի նշանավոր ներկայացուցիչներին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները հնարավոր համատեղ նախաձեռնությունների շուրջ։
ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է «Կինոդարան» հարթակի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը քննարկվել են հայկական տեսալսողական բովանդակության զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային նախագծերի իրականացման, երեխաների և երիտասարդների համար հայալեզու կրթամշակութային ծրագրերի մշակման և հանրահռչակման հարցերն ու համագործակցության հնարավորությունները:
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը կարևորել է մասնավոր նախաձեռնությունների դերը մշակութային նոր բովանդակության ստեղծման և հայկական մշակութային արտադրանքի զարգացման գործում։ Նա ընդգծել է ժամանակակից ձևաչափերի միջոցով մշակույթը հանրության՝ հատկապես երիտասարդ սերնդի համար առավել հասանելի և հետաքրքիր դարձնելու անհրաժեշտությունը։
«Կինոդարան» հարթակի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը ներկայացրել է հարթակի գործունեությունը, սեփական արտադրության ֆիլմերի, սերիալների, անիմացիոն և այլ տեսալսողական նախագծերի զարգացման ուղղությունները։
Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Վալդակար» մանկական անիմացիոն նախագծին, որի նպատակն է երեխաներին հայ արվեստի և մշակույթի նշանավոր ներկայացուցիչներին ծանոթացնելը։ Ռաֆայել Թադևոսյանը ներկայացրել է նաև հարթակի՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող նախագծերն ու հայկական արտադրությունն ավելի լայն լսարաններին հասանելի դարձնելու նախաձեռնությունները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական և մշակութային հաստատությունների հետ համագործակցությանը, հայկական մշակութային արտադրանքի միջազգային հանրահռչակմանը և այլ հարցերի։
Կարևորվել է ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակութային նախագծերի ստեղծումը՝ ոլորտում ստեղծագործական և տեխնոլոգիական կարողությունների զարգացմամբ։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքային քննարկումները՝ հնարավոր համատեղ նախաձեռնությունների շրջանակը և իրականացման հաջորդ քայլերը հստակեցնելու նպատակով»։