Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում խոսելով զինված ուժերում տիրող բարոյա-հոգեբանական վիճակի մասին, որի արդյունքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, կամ կրակում են միմյանց վրա կամ զինծառայողը դիմում է ինքնասպանության, ասաց, որ բոլոր դեպքերում դա շատ վտանգավոր է, որովհետեւ եթե անգամ իրենք իրենց են սպանում, պարզ է, որ դա կամովին չէ, իրենց դրդել են։
«Մի շեշտադրումով սկսեմ։ Բոլոր հաստատություններում, որտեղ պրոֆեսիոնալիզմի սարսափելի ցածր մակարդակ է, չեն կատարվում օրենքով սահմանված գործառույթները, մարդիկ պատասխանատվություն չեն կրում։ Բանակում տեսնում ենք, որ մարտական հերթապահությունները՝ սահմանապահ զորքերում, որոնք առանձին ստորաբաժանում են, ոչ մի խնդիր չի կատարվում։ Միշտ գտնվում են մեղավորներ։ Օրինակ, տեսնում ենք, որ մեր սահմանը դարձել է մի բաց դուռ, որտեղով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կարող է անցնել անգամ հոգեկան խնդիրներ ունեցող ադրբեջանցի հովիվ, որը նաեւ սեր է ունեցել ոգելից խմիչքի նկատմամբ։ Եթե անգամ հավատանք, որ նա հովիվ է, ապա ինչպե՞ս է կարողանում խիզախորեն անցնել սահմանը։ Եվ նրան դարձյալ վնասազերծել է մեր հովիվը, ինչպես Շաքիում ադրբեջանցի զինծառայողին վնասազերծել էր հայ կինը, որը հիմա ծանրագույն վիրահատությունների ներքո է։
Երբ մարդիկ իրենց վրա օրենքով դրված գործառույթները չեն կատարում, այդպիսի հիմնարկներում բարոյա-հոգեբանական դրվածքը ցածր է։ Զինվորականները, լինեն նրանք սահմանապահ, թե այլ ռազմական ստորաբաժանման ծառայողներ, փոխանակ կատարեն իրենց վրա դրված ծանրագույն պարտավորությունները, պարզվում է, ամբողջ օրը զբաղվում են խաղամոլությամբ, խաղագումարներ են դնում, այնքան ժամանակ ունեն, որ միջանձնային հարաբերություններ են ճշգրտում։ Հրամանատարները փոխանակ զբաղվեն աշխատանքով, իրենց ուժն են ցույց տալիս հասարակ ժամկետային ծառայող զինվորների հանդեպ»,-ասաց տիկին Դիլբարյանը։
Քաղաքական գործիչը չի ընդունում իշխանության այն ձեւակերպումը, թե մարդ էր, մոլորվել է։ «Սահմանը մոլորվելու տեղ չէ։ Եթե հանկարծ մեկը մոլորվի՝ գնա կառավարության շենք, քանի ոստիկան, քանի գվարդիականների տարբեր գուներանգներով բերետավորներ կհարձակվեն այդ մարդու վրա։ Այ, կառավարության շենք օձն իր պորտով, հավքն իր թեւով չի կարող մուտք գործել։ Անգամ եթե անզեն է եւ եկել է քաղաքացու իր բողոքը հայտնելու։ Գուցե, փոխե՞նք իրավիճակը։ Գուցե այն ոստիկաններին, որոնք այդքան լավ հսկում են կառավարության շենքը, անձամբ վարչապետին կամ նախարարությունները, թող գնան, սահմաններն այդպես հսկեն»։
Նարինե Դիլբարյանը նաեւ արձագանքեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի երեկ արած հայտարարությանը, թե «վայ այն երկրին, որի անվտանգությունը կախված է մի հովվի սահմանն անցնելուց»։
«Դա ասելու բա՞ն է։ ԱԳ նախարարը չի՞ հասկանում, որ մի հովվի անցնելը չի։ Եթե հովիվը անցել է, ուրեմն դիվերսանտներն էլ կանցնեն։ Եվ ընդհանրապես, սահմանը ինչի՞ համար է։ Որպեսզի հսկվի։ Ընդ որում, մենք միշտ խիստ ուշացումով ենք հայտնաբերում։ Ու պարզվում է, որ մեր սահմանների հսկիչները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, հպարտ հարկատուն հիմա էլ վերածվել է հպարտ սահմանապահի։ Միակը, որ այսօր աշխատում է, ոստիկանական միավորումներն են՝ ազգային գվարդիան, տարբեր գումարտակներ, որոնք, անկեղծորեն, լավ հսկում են կառավարության, վարչապետի եւ մյուս շենքերը»,-ասաց ՀԴԿ փոխնախագահը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: