Հայ մարզիկ Ժորա Սիմոնյանը հերթական կարևոր հաղթանակն է գրանցել իր մարզական կարիերայում՝ նվաճելով Լեհաստանի պրոֆեսիոնալ չեմպիոնի տիտղոսը K-1-ում։ 23-ամյա աշտարակցի մարզիկը Լեհաստանի Բելխատով քաղաքում կայացած One Punch K-1 գալայի շրջանակում հաղթանակով ավարտել է իր երրորդ պրոֆեսիոնալ մենամարտը՝ արժանանալով չեմպիոնական գոտուն։
Մենամարտը հեշտ չէր․ հինգ ռաունդ՝ յուրաքանչյուրը երեք րոպե տևողությամբ, ուժի, դիմացկունության և կամքի լուրջ փորձություն էր։ Հատկանշական է, որ Ժորա Սիմոնյանը ռինգում կրկին հանդիպել է այն մարզիկին, որի դեմ անցկացրել էր իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտը։ Այս անգամ, սակայն, պայքարի ավարտը պսակվել է չեմպիոնական հաղթանակով։
Այս տիտղոսը Ժորայի համար պարզապես հերթական հաղթանակ չէ, այլ կարևոր քայլ իր մարզական ճանապարհին։ Լեհաստանի պրոֆեսիոնալ չեմպիոնի գոտու նվաճումը նոր հնարավորություններ է բացում մարզիկի առաջ և վկայում նրա հետևողական աշխատանքի, նպատակասլացության ու ռինգում ցուցաբերած կամքի մասին։
Խոսելով հաղթանակի նշանակության մասին՝ Ժորա Սիմոնյանն ընդգծում է, որ իր համար այն առանձնահատուկ արժեք ունի։ Մարզիկի խոսքով՝ յուրաքանչյուր մենամարտ մեծ պատասխանատվություն է, իսկ չեմպիոնական գոտու նվաճումը ևս մեկ քայլ է դեպի իր առջև դրված նպատակները։
«Այս հաղթանակն ինձ համար շատ կարևոր է։ Այն մեծ նշանակություն ունի իմ մարզական կարիերայի համար, քանի որ կարողացա նվաճել Լեհաստանի պրոֆեսիոնալ չեմպիոնի տիտղոսը։ Յուրաքանչյուր մենամարտ ինձ ավելի ուժեղ ու փորձառու է դարձնում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատում են ինձ, աջակցում ու ոգևորում։ Այս հաղթանակն ինձ համար նաև մեծ պատասխանատվություն է՝ շարունակելու առաջ շարժվել»,- նշել է Ժորա Սիմոնյանը։
Սակայն այս հաղթանակն ունի նաև ավելի խորքային խորհուրդ։ Մարզիկը հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված բոլոր հայ զինվորների անմար հիշատակին՝ իր մարզական հաջողությունը վերածելով հարգանքի ու երախտագիտության յուրահատուկ արտահայտության։
Ժորա Սիմոնյանի հաղթանակը ևս մեկ առիթ է հպարտանալու մեր երիտասարդ մարզիկներով, որոնք իրենց աշխատասիրությամբ ու նվիրումով Հայաստանի անունը ներկայացնում են միջազգային հարթակներում։
Վ․ Ա․
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: