«Երկու ընկերությունները, որոնք գործեր են հարուցում ընդդեմ բնապահպանների, դրանց բաժնետերերից մեկը մեր կառավարությունն է։ Փաստորեն, բաժնեմասը նվիրվել է մեր կառավարությանը, կառավարությունը մաս է դարձել այս գործունեությանը։ Համարում եմ, որ կառավարությունն է դատի տալիս ինձ, և ես անպաշտպան եմ»,-«Պահպանել բնությունը և պաշտպանել բնապահպաններին․ քննարկում մարտահրավերների մասին» խորագրով հանրային քննարկման ժամանակ ահազանգեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի ներկայացուցիչ, բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը։
Նա ցավով նշեց՝ նախկինում գիտեին, որ կառավարության ներկայացուցիչները սատարում էին հանքարդյունահանությանը, սակայն դա բացահայտ չէր, քանի որ կառավարությունը բաժնետեր չէր, հիմա հենց կառավարությունն է բաժնետերը։
Նազելի Վարդանյանը մտահոգություն հայտնեց․ «Ո՞ւմ դիմենք, եթե իմ իրավունքները խախտվել են․ դիմեմ ոստիկանությա՞նը, որը ենթարկվում է վարչապետին, դիմեմ դատախազությա՞նը, բնապահպանական տեսչությո՞ւն, որոնք ևս ենթարկվում են վարչապետին։ Այսինքն՝ մենք ոչ մի ճանապարհ չունենք մեր իրավունքները պաշտպանելու։ Մեզ մնում է անընդհատ գնալ դատարաններ, նրանք էլ հօգուտ հանքարդյունահանողի են որոշում կայացնում»։
Նազելի Վարդանյանը նաև ներկայացրեց, թե ինչպես են հանքարդյունահանողների հետ առնչվող անձինք իր անձնական կյանք ներխուժել, իրենով հետաքրքրվել, սպառնացել, ինչ դատական գործեր են հարուցել իր ու գործընկերների դեմ։ Եվ ցավով նշեց, որ բնապահպան-իրավապաշտպաններն իրենք են անպաշտպան։
Հայտնեց, որ Հանրային խորհրդում արդարադատության նախարարի մասնակցությամբ քննարկում է եղել, և նրանք համաձայնություն են տվել քննարկել իրենց հետ, ներկայացնել ԱԺ SLAPP վերաբերյալ օրենսդրության փոփոխությունը։ Նաև նշեց, որ տարբեր երկրներում օրենսդրությամբ է սահմանված այնպիսի մեխանիզմ, որ SLAPP գործերն ի սկզբանե վարույթ չեն ընդունվում, իսկ ՀՀ-ում այդ մեխանիզմը չկա։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: