MediaHub-ը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ վերջին օրերի առատ տեղումներից հետո Երևանի ճանապարհները զգալիորեն վնասվել են։ Քաղաքի տարբեր հատվածներում` ինչպես բակային տարածքներում, այնպես էլ կենտրոնական փողոցներում, առկա են մեծաթիվ խորը փոսեր, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում վարորդների համար։
Քաղաքացիների խոսքով՝ որոշ փոսեր այնքան մեծ են, որ անզգուշաբար դրանցով անցնելու դեպքում հնարավոր է մեքենայի լուրջ վնասում, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջական ջարդում։
Արդյո՞ք իրականացվում են համապատասխան աշխատանքներ՝ ճանապարհների փոսերն ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ,
MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանի հետ:
«Մինչև երեկ անձրև էր գալիս, մի քանի օր առաջ ձյուն, այսօր ժամը 22:00-ից բոլոր վարչական շրջաններում միասին 12 խումբ է գործելու, որոնք թե՛ տեղային լուծումներ են տալու, թե՛ արդեն իսկ բուն փոսալցման աշխատանքներն են իրականացվելու։ Այսօրվանից եղանակն արդեն բավականին նորմալ է, ճիշտ է, վաղը անձրև է տալիս, սակայն, եթե տեղում չլինի, այսօրվա կտրվածքները կլցվեն, եթե անձրև լինի, ապա կիրակի շատ լավ եղանակ է, ամբողջությամբ կլցվեն այն տեղերը, որոնք կտրված են, սակայն միաժամանակ, այսօր և վաղը, քանի որ ջերմաստիճանը բարձր է, իսկ անձրևի հավանականությունն էլ ոչ շատ մեծ, իրականացվելու են նաև տեղային լուծումներ։ Մենք հունվարի 15-ից առ այսօր՝ փետրվարի 13-ը, 4 անգամ կատարել ենք տեղային լուծումներ, ճիշտ է՝ 5-6 անգամ էլ ձյուն է եկել, և կրկին բացվել են ու ավելի խորն են փոսերը, բայց տեղային լուծումներ 4 անգամ արվել են»,- նշեց Թևոսյանը։
Շինարարության և բարեկարգման վարչության պետի խոսքով՝ այսօրվանից 2 գործընթաց են սկսում։
«Մի պրոցեսը, որը մի քանի անգամ արել ենք, սակայն, ցավոք սրտի, կրկին բացվել են փոսերը, կրկնելու ենք, այսինքն՝ հրատապ լուծումով փակելու ենք փոսերը, և միաժամանակ գլխավոր փողոցների վրա սկսելու ենք կտրելու աշխատանքները, օրինակ, այսօր Թբիլիսյան, Աճառյան, Վարդանանց փողոցների վրա սկսելու ենք կտրելու աշխատանքները։ Կտրման արդյունքում բացում ենք մեզ համար աշխատանքային որոշակի չափ, և այնուհետև սկսում ենք ասֆալտապատման աշխատանքները, այսինքն՝ բուն փոսալցում է կատարվելու»,- ամփոփեց խոսքը Անդրանիկ Թևոսյանը։
Մարիաննա Արամյան