ԱՄՆ-ն ակտիվորեն զորքեր է տեղաշարժում դեպի իրանական սահման

Պենտագոնն (ԱՄՆ պատերազմի նախարարությունը) ակտիվորեն զորքեր է տեղաշարժում դեպի իրանական սահման՝ սպասելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին («կանաչ լույսին»)՝ նոր գործողություն սկսելու համար, գրել է «Drop Site News»-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։

«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նախապատրաստում է ամեն ինչ՝ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու համար», – հայտնել է ամերիկացի մի պաշտոնյա։

Պաշտոնյան նշել է, որ Թրամփը յոթ անգամ «վերջին պահին» չեղարկել է Իրանի և «Անսար Ալլահ» շարժման (Հութիներ) ապստամբների դեմ նախատեսված գործողությունները։ Աղբյուրն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ ձեռնարկել էր «Epic Fury» («Էպիկական զայրույթ») կոչվող գործողությունը՝ «առանց բոլոր անհրաժեշտ ռեսուրսների առկայության»։

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ էին սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել էր լայնածավալ հարվածները Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով վերջինիս Հորմուզի նեղուցին վերաբերող համաձայնագրի պայմանները խախտելու մեջ։ Դրանից հետո ԱՄՆ վարչակազմն ազդարարել էր Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառման ավարտը՝ փոխարենը անցնելով երկիրը պատժամիջոցների միջոցով տնտեսապես խեղդելու փորձերին։

Leave a comment