Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում ուկրաինական «Շախտյորի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակը, խոսել է նաև հետո Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: 37-ամյա հայ կիսապաշտպանն իր նախկին թիմի դեմ խաղում փոխարինման էր մտել 75-րդ րոպեին, իսկ երկու րոպե անց գոլային փոխանցում էր կատարել բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոյին (տեսանյութ):

«Մխիթարյանը մեզ համար առանցքային դեր ունի այս խմբում։ Նա մեզ օգնության ձեռք է մեկնում, ինչպես բոլորը։ Երկրորդ խաղակեսում կատարած փոփոխությունները մեզ էներգիա տվեցին։

Մենք գիտենք, որ չենք կարող սխալներ թույլ տալ, եթե ուզում ենք Լիգայի փուլն ավարտել լավագույն ութնյակում։ Մեզ հաղթանակ էր պետք, և դրան այսպես հասնելը մեզ ավելի մեծ վստահություն է տալիս»,- ռումինացի մարզիչի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու կատարել 2 գոլային փոխանցում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment