«Մեր էներգահամակարգի զարգացման առաջին նախապայմանը հարևանների հետ միջհամակարգային զուգահեռ կապերով կապվելն է։ Բացի Իրանից՝ մնացածի հետ մենք պետք է ասինխրոն կապով կապվենք, այսինքն՝ փոխակերպիչ կայանի միջոցով Թուրքիայի և Վրաստանի հետ։ Ադրբեջանն ինքը երբեմն գործում է ինքնուրույն, երբեմն վրացական էներգահամակարգի հետ, այսինքն՝ այնտեղ առանձին փոխակերպիչ կայանի անհրաժեշտություն չի առաջանում, և երբ որ կգործի ինքնուրույն, կուզենա մեզ հետ աշխատել որևէ ռեժիմով: Ինքը կմիանա մեր համակարգին, այսպես ասած՝ էլի չակերտների մեջ, և կաշխատի մեր հաճախականությամբ։ Եթե վրացականին միացած կլինի, երբ կունենանք փոխակերպիչ կայանը, զուգահեռ աշխատանքն ապահովված կլինի, նաև Թուրքիայի հետ պետք է լինի, իսկ Իրանի հետ կարիք չկա», – «Հայաստանի էներգետիկ ապագան․ հեռանկարներ և սցենարներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՏԿԵ նախարարի նախկին տեղակալ Հակոբ Վարդանյանը։
Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանն ընտրության առաջ է կանգնած՝ Իրանի հետ, թե Թուրքիայի․ «Իմ կարծիքով՝ չի կարելի փոխել գործընկերոջն այդ առումով, որովհետև Իրանը 30 տարի մեզ համակարգային ծառայություններ մատուցել է անխոչընդոտ և բարձր մակարդակի։ Այդ ծառայությունները, դա ռեակտիվ էներգիայի ապահովումն է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ մենք միշտ դեֆիցիտի մեջ ենք, դա ռեժիմային կարգավորումներն են և այլն: Այսինքն՝ եթե փոխարինեն, օրինակ, Թուրքիայի հետ, Վրաստանը չի կարողանա տեխնիկապես ծառայությունները մեզ մատուցել համակարգի փոքրության պատճառով։ Այսինքն՝ կարող է Թուրքիան մատուցել, կամ Իրանը։ Թուրքիայի հետ նոր են ձևավորվելու այդ հարաբերությունները, ու Թուրքիայում մի քիչ ավելի բարդ է օրենսդրությունը, իրենց համակարգը, իրենք Եվրոպական միության օպերատորական միության անդամ են, այսինքն՝ շատ ավելի դժվար է մեզ հետ հարմար լինելու իրենց հետ հարաբերվելը և կարգավորումները սինխրոնիզացնելը, քան Իրանի հետ, որ իրականացնում ենք։ Դրա համար կարծում եմ՝ Թուրքիայի հետ պետք է փոխակերպիչ կայանի միջոցով միանանք, և սա կլինի էներգահամակարգի անկախության առումով մեր ամենամեծ ձեռքբերումը, եթե կարողանանք իրականացնել: Այդ պարագայում որևէ երկրից կախվածություն չենք ունենա»։
Հակոբ Վարդանյանն ընդգծեց, որ Հայաստանն Իրանի հետ երբեք չի ունենում քաղաքական կամ այլ խնդիրների պատճառով կապի խզում, բայց լինում է տեխնիկական կապի խզում՝ վթարային, պլանային անջատումներ Իրանում, ինչը մեզ վրա բացասաբար է անդրադառնում. «Մենք միշտ փորձում ենք խնդրելով, հարմարվելով իրենց ռեժիմներին՝ կարգավորել մեր համակարգը։ Փառք Աստծո, մինչև հիմա միշտ այդ ծառայությունները ստացել ենք այն ծավալով, ինչ ծավալով մեզ անհրաժեշտ են։ Մյուս կողմից, երբ մաժորային իրավիճակները կարող են խնդիրներ ստեղծել, օրինակ՝ Իրան-ամերիկյան պատերազմը, ԱՄՆ-ի կողմից Իրանի էներգետիկ համակարգը ոչնչացնելու սպառնալիքները և այլն»։
Վերադառնալով մեր էներգետիկ հզորություններին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի նախկին տեղակալը նշեց. «Գրեթե 30%-ը ջերմաէլեկտրակայաններն են, 1/3-ը ատոմակայանն է, 20%-ը հիդրոէլեկտրակայաններն են և 16%-ը՝ արևային կայանները։ Արևային համակարգը վերջին տարվա ընթացքում կարծես խնդիրներ ունեցավ, և պետական սուբսիդիաների դուրս գալուց հետո ընկերությունները սկսեցին լոբինգ անել: ՀՀ կառավարությունը երևի համարում էր, որ արևային էլեկտրաէներգիայի չափաբաժինը չափից դուրս բարձր է նոր խթանիչներ ստեղծելու համար…»:
Քննարկումն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: